11 հունվարի 2016 - 11:00 AMT
Օզբիլիսը կարող է շարունակել կարիերան Իսպանիայում, Մովսիսյանը՝ Հյուսիսային Ամերիկայում

Իսպանիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ռայո Վալյեկանո» ակումբը ցանկանում է վարձակալել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Իսպանական ակումբն արդեն առաջարկ է արել Մոսկվայի «Սպարտակին», սակայն կողմերը դեռևս համաձայնության չեն եկել հայ ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պատճառով:

Ակումբները շարունակում են բանակցությունները, գրում է «Ա1+»-ը:

Ըստ լրատվամիջոցի, Օզբիլիսը «Սպարտակում» ստանում է տարեկան 1,5 մլն եվրո աշխատավարձ: Նա ռուսական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2018-ի հունիսի 30-ը:

Միաժամանակ Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է վերադառնալ MLS, որտեղ սկսել է պրոֆեսիոնալ կարիերան:

Մովսիսյանի գործակալը՝ Պատրիկ Մաքեյբը, հաստատել է, որ այժմ «Սպարտակը» և «Ռեալ Սոլթ Լեյկը» համաձայնության են եկել գործարքի պայմանների շուրջ, գրում է Footballreview.ru-ն:

Sport-express.ru-ն տեղեկացնում է, որ Մովսիսյանը և Օզբիլիսը «Սպարտակի» հետ չեն մեկնելու ԱՄԷ, որտեղ հունվարի 16-ից մեկնարկելու է ակումբի առաջին ուսումնամարզական հավաքը: Ձմեռային տնասֆերային պատուհանի ժամանակ թե Մովսիսյանը և թե Օզբիլիսը կարող են հեռանալ մոսկովյան ակումբից:

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է մնալ մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:

Հունվարի 6-ին հայտնի է դարձել, որ Արասի ծառայություններով ներկայում հետաքրքրվում են Հոլանդիայում և ԱՄՆ-ում: «Սպարտակը» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից ոչ պակաս, քան 3 միլիոն եվրոյի դիմաց:

2015-ի դեկտեմբերի 9-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Սպարտակը» հրաժարվում է վարձակալության տալ թիմի հարձակվող և Հայաստանի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանին հյուսիսամերիկյան Գլխավոր ֆուտբոլային լիգայի (MLS) «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբին:

Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: «Սպարտակը»հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: