«Ուլիս Երևան»-ի գլխավոր մարզիչը և ադմինիստրատորը կալանավորվել են

«Ուլիս Երևան»-ի գլխավոր մարզիչը և ադմինիստրատորը կալանավորվել են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է արհեստավարժ մարզամրցումների մասնակիցների ու կազմակերպիչների կողմից կաշառք ստանալու դեպք:

2015 թվականի նոյեմբերին հայկական Ֆուտբոլային «Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, ֆուտբոլիստ (պաշտպան) Հայկ Հունանյանը, «Ուլիս 2» ակումբի ադմինիստրատոր Արա Ազարյանը և մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը հանցավոր համաձայնությամբ, «Տոտո» բուքմեյքերական գրասենյակի աշխատակցի միջոցով, կատարել են 1000-3000 ԱՄՆ դոլար խաղադրույքներ և ապահովելով խաղերի կանխատեսելի արդյունքները, ստացել են ապօրինի շահույթ, որը համապատասխան մասնաբաժիններով բաշխվել է վերը նշված անձանց և առաձին ֆուտբոլիստների միջև:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 201-րդ հոդվածի հատկանիշներով:

«Ուլիս Երևան» ակումբի գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը և ադմինիստրատոր Արա Ազարյանը կալանավորված են, 11.01.2016թ.-ին նաև ձերբակալվել են մարզչի օգնական Ռուբեն Առուշանյանը և ֆուտբոլիստ Հայկ Հունանյանը: Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

2015-ի նոյեմբերին մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ «հայկական ֆուտբոլ տոտալիզատոր է մտել», և, մասնավորապես, նշել, որ ՈՒԵՖԱ-ից «Ուլիս» ակումբի խաղերի հետ կապված 9 փաթեթ փաստաթուղթ է եկել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---