13 հունվարի 2016 - 15:39 AMT
Ուկրաինացի երգչուհին ցանկանում է մասնակցել Եվրատեսիլին հայ կոմպոզիտորի հեղինակած երգով

Ուկրաինացի երգչուհի Անաստասիա Պրիխոդկոն, որը մասնակցելու է «Եվրատեսիլ-2016»-ի ընտրական փուլին, կատարելու է հայաստանցի երգահան Շուշան Սարգսյանի հեղինակած երգը: Երգը կոչվում է Free now` դա ռոմանտիկ կոմպոզիցիա է, որն, ըստ երգչուհու, դրդում է մարդուն համարձակ քայլերի և նոր նվաճումների:

Կոմպոզիցիայի մեջ հնչում է նաև բլուլ, որի կատարմամբ հանդես է եկել հայտնի բլուլահար Ավագ Մարգարյանը: Խոսքերի հեղինակն է Նիկոլայ Բրովչենկոն:

«Այս երգն ազատության մասին է: Ազատության այն ամենից, ինչ խանգարում է, կապում է մարդուն անցյալի սխալներին: Ազատությունը քայլ է, ընտրություն, նոր բացահայտումների ու հնարավորությունների դրդող ուժ: Երգը հեշտ չի ծնվել: Սա մեր առաջին երգն է Շուշանի հետ` որպես հեղինակի և կատարողի: Աշխատել ենք օր ու գիշեր: Արդյունքում ունենք երգի 2 տարբերակ` ուկրաիներեն և անգլերեն լեզուներով»,-ասել է Պրիխոդկոն, հայտնում է TSN.ua-ն:

Պրիխոդկան մեկ անգամ արդեն մասնակցել է Եվրատեսիլին: Դա 2009-ին էր: Նա ներկայացնում էր Ռուսաստանը «Մամո» երգով և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Եվրոպական ամենահեղինակավոր երաժշտական մրցույթին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Այս տարի մրցույթը տեղի կունենա Ստոկհոլմում: Կիսաեզրափակիչ փուլերը կկայանան մայիսի 10-ին և 12-ին, իսկ եզրափակիչ փուլը՝ մայիսի 14-ին:

«Եվրատեսիլ 2016»-ին հիմնադիր 5 երկրի` Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև մրցույթը հյուրընկալող Շվեդիայի ներկայացուցիչները, ելույթ կունենան նաև կիսաեզրափակիչ փուլում` ի տարբերություն նախորդ տարիների: Սակայն, անկախ արդյունքից նրանք կմասնակցեն եզրափակչին։ Նրանք կունենան կիսաեզրափակիչի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։