Սարգսյան. ԵՄ հետ գործակցությունը ՀՀ առաջնահերթություններից է

Սարգսյան. ԵՄ հետ գործակցությունը ՀՀ առաջնահերթություններից է

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 13-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ օրակարգային հարցերին: Սարգսյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Եվրոպական միության հետ Հայաստանի գործակցությունն ու հարաբերությունների զարգացումը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին ԵՄ աջակցության համար, ընդգծելով, որ հատկապես Սահմանադրության փոփոխություններից հետո, Հայաստանը լայնածավալ բարեփոխումների նոր փուլ է մտնում: Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՄ կողմից բարեփոխումներին տրամադրվող աջակցությունը կլինի շարունակական՝ նկատի առնելով մինչ այժմ ցուցաբերված աջակցության արդյունավետությունը երկրի համար:

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հույս է հայտնել, որ 2016-ը ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերություններին նոր որակ կհաղորդի, և մինչև տարեվերջ ավարտին կհասցվեն Հայաստան-Եվրամիություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները: Դեսպան Սվիտալսկին վերահաստատել է ԵՄ հետաքրքրվածությունը՝ Հայաստանին օժանդակելու գործակցության զարգացման և բարեփոխումների իրականացման գործում:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---