14 հունվարի 2016 - 16:03 AMT
ԱԳ փոխնախարարը՝ Կիրիլ պատրիարքի խոսքերի մասին. Շատ անհաջող էր

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հայտարարությունը, թե Օսմանյան կայսրությունում բնակված քրիստոնյա փոքրամասնություններին ոչ ոք չէր սպանում, շատ անհաջող էր:

Այս մասին փոխարտգործնախարարը լրագրողներին ասել է ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այդ հայտարարությունից հետո եղել է Ռուսիո պատրիարքի մամուլի խոսնակի մեկնաբանությունը, թե իբր դա չի վերաբերվում Հայոց ցեղասպանությանը, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ այդ հայտարարությունը շատ անհաջող էր», - ասել է Քոչարյանը, գրում է Tert.am-ը:

Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը «Ռոսիա 24» հեռուստաալիքի հաղորդավար Դմիտրի Կիսելյովին Սուրբ ծննդյան կապակցությամբ հարցազրույց է տվել, որում անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյա համայնքի դրությանը: Համայն Ռուսիո պատրիարքի հայտարարություններից մեկը Հայաստանում տարակուսանք է առաջացրել: Խոսելով քրիստոնյա համայնքների պատմության մասին, Կիրիլը, մասնավորապես, հայտարարել է, որ մահմեդականները երբեք չէին կոտորում քրիստոնյաներին՝ չնայած իրենց համար ստեղծված անհավասար պայմաններին, ու հավելել է. «Վերցնենք, որպես օրինակ, Օսմանյան կայսրությունը: Այո, այնտեղ կային քրիստոնյա փոքրամասնություններ, բայց նրանց չէին ոչնչացրել, քանի որ համայնքների փոխհարաբերություններում որոշակի դրվածք կար»:

Ավելի ուշ Համայն Ռուսիո պատրիարքի մամլո խոսնակ Ալեքսանդր քահանա Վոլկովը հանդես է եկել հարցազրույցի տվյալ հատվածի մեկնաբանությամբ: Նրա խոսքով, Կիրիլ պատրիարքը որպես օրինակ է բերել Օսմանյան կայսրությունը, որի պատմության ընթացքում եղել են ժամանակաշրջաններ, երբ գործող կարգերն ապահովում էին կրոնական փոքրամասնությունների համեմատական անվտանգությունն ու կյանքի կայունությունը: «Նման կարգի բացակայությունը մշտապես՝ թե Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, թե այսօրվա Սիրիայում, Իրաքում, Լիբիայում հանգեցնում է իրավիճակի ողբերգական զարգացման: Այդ իսկ պատճառով էլ մենք ամանակակից իրադարձությունները ցեղասպանություն ենք անվանում», - ասել է Վոլկովը:

Նա նշել է, որ եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում բազմիցս արտահայտվել է պաշտոնական հայտարարություններով, պատրիարքի ելույթներում, ինչի վառ ապացույցն է, մասնավորապես, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ռուս ուղղափառ եկեղեցու մասնակցությունը: