Ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը՝ Երևանում

Ճապոնական ֆիլմերի 6-րդ փառատոնը՝ Երևանում

PanARMENIAN.Net - Երևանում արդեն 6-րդ անգամ անցկացվող ճապոնական ֆիլմերի փառատոնը նախաձեռնել են Հայ-ճապոնական «Հիկարի» գիտակրթական-մշակութային կենտրոնը և Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը: Կինոփառատոնը կբացվի «Տոկիոյի անհաջողակները» ֆիլմի ցուցադրությամբ հունվարի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

Այս անգամ ճապոնական ֆիմերի ցուցադրությունը կուղեկցվի անգլերեն և ոչ թե ռուսերեն սուբտիտրերով: Կարինե Փիլիպոսյանի փոխանցմամբ, անցյալ տարի ճապոնացիները հարցումներ էին անցկացրել փառատոնի հանդիսատեսի շրջանակներում և պարզել, որ հայ հանդիսատեսը բոլորովին դեմ չէ անգլերենին:

«Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը տեղեկացրել է, որ այս տարի կինոփառատոնը նվիրվում է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան հիմնադրման մեկամյակին:

Մինչև 2015-ի հունվարի 12-ը, երբ Երևանում բացվել Ճապոնիայի դեսպանության շենքը, դեսպանի նստավայրը Մոսկվան էր:

2015-ի փառատոնը նաև թեմատիկ է․ ներկայացվելու են ճապոնուհիների խնդիրներին նվիրված ֆիլմեր՝ նկարահանված վերջին տարիներին ճապոնացի երիտասարդ կինոռեժիսորների կողմից:

«Կանանց վերաբերող բոլոր տեսակի հարցերը, խնդիրները՝ հոգեբանական, սոցիալական, ընտանեկան․սա է թեման: Բոլոր ֆիլմերը 2005-ից հետո նկարահանված ֆիլմեր են, ժամանակակից ֆիլմեր են այսօրվա մասին, այսօրվա կնոջ խնդիրների մասին: Եվ շատ համամարդկային խնդիրներ են բարձրացված ֆիլմերում», - ներկայացրել է Փիլիպոսյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվելիք ֆիլմերից երկուսի ռեժիսորները հունվարի 15-ին կժամանեն Երևան:

Հունվարի 16-ից հետո նրանց հետ հանդիպումներ տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում իրենց հեղինակած կինոֆիլմերի ցուցադրությունից հետո, և հայ հանդիսատեսը, արվեստասերներն ու կինոգետները հնարավորություն կունենան նրանց հարցեր ուղղելու, նրանց հետ քննարկելու կինոարվեստին նվիրված ամենատարբեր խնդիրներ:

Հունվարի 15-ին «Հիկարի» կենտրոնում նախատեսված է ճապոնացի կինոռեժիսորների հանդիպումը հայ կինոգործիչների հետ: Հանդիպմանը Ճապոնիայից ժամանած ռեժիսորների համար կցուցադրվեն հայ կին ռեժիսորների ֆիլմերը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---