Բավարացի քաղաքական գործիչը միգրանտներով ավտոբուսն ուղարկել է Մերկելի մոտ

Բավարացի քաղաքական գործիչը միգրանտներով ավտոբուսն ուղարկել է Մերկելի մոտ

PanARMENIAN.Net - Բավարիայի Լանդսհուտ շրջանի ղեկավար Պետեր Դրայերը, որը դժգոհ է Գերմանիայի դաշնային կառավարության քաղաքականությունից փախստականների հարցում, սիրիացի միգրանտներով ավտոբուսն ուղարկել է Բեռլին` կանցլեր Անգելա Մերկելի գրասենյակ:

Սակայն արդյունքում մայրաքաղաքում նրանց բնակության համար նա ստիպված է եղել վճարել սեփական գրպանից: Ըստ Դրայերի, նա ուզում էր հասկացնել, որ հարկավոր է փոխել փախստականների հարցում Գերմանիայի քաղաքականությունը:

Ավտոբուսը Բեռլին է ժամանել հունվարի 14-ի երեկոյան: Ըստ Լանդսհուտի տեղական խորհրդի, բոլոր միգրանտները կամովին են ավտոբուս նստել:

Դրայերը հայտնել է, որ իրազեկել է իր պլանների մասին Մերկելին դեռ հոկտեմբերին:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ փախստականների տեղավորման համար երկրում պատասխանատու են պետությունն ու տեղական իշխանությունները, որոնց դաշնային կառավարությունը լիարժեք աջակցություն է ցուցաբերում:

«Բեռլինը համաձայն է եղել փախստականներին կացարան տրամադրել մեկ գիշերով»,-ասել է նա:

Սակայն, 1,5 ժամ սպասելով Մերկելի գրասենյակի մոտ, ավտոբոսը մեկնել է: Դրայերը հայտնել է Die Welt-ին, որ իրեն չեն գոհացրել փախստականների գիշերակացի առաջարկվող պայմանները, ուստի նա որոշել է սեփական գրպանից վճարել հյուրանոցում նրանց համար: «Տեսնենք, հետո ինչ կլինի»,-ասել է նա:

Մինչդեռ ավտոբուսում ներկա լրագրողները հայտնել են, որ այնտեղ եղած ներգաղթյալներից ոչ բոլորն են իմացել, որ ակցիան քաղաքական բնույթ է կրում և ոմանք քննադատել են բավարացի քաղաքական գործչին:

Ավտոբուսում եղած ներգաղթյալները ստացել են փախստականի կարգավիճակ և կարող են ազատ ապրել Գերմանիայի ցանկացած շրջանում: Ըստ Լանդսհուտի ղեկավարության, նրանց համար դժվար է կացարան գտնել մոտակայքում: Պետեր Դրայերը մեքենայով հետևել է ավտոբուսին և նույնպես ժամանել Բեռլին: «Փախստականների հոսքի վերջը չի երևում: Կյանքի համար պիտանի կացարան տրամադրելու երկրի հնարավորությունները սպառվում են, ես չեմ տեսնում, որ ներգաղթյալների համար նոր բնակելի տարածքներ կառուցեն»,-ասել է նա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մերկելը Դրայերի հետ հեռախոսազրույցում ասել է, որ հասկանում է նրա մտահոգությունը` նշելով, որ հարկավոր էր ավտոբուսի ժամանման մասին մեկ օր առաջ զգուշացնել:

Բոլոր այն ներգաղթյալները, որոնք կցանկանան վերադառնալ Բավարիա, կստանան այդպիսի հնարավորություն:

Լանդսհուտի վարչակազմին հարկավոր է կացարան գտնել 2100 փախստականի համար, որոնց թվաքանակը շարունակում է աճել: Ընդհանուր առմամբ այդ շրջանի բնակիչների քանակը մոտ 152 հազար է:

2015-ին Գերմանիան ընդունել է 1,1 մլն փախստական:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---