Հալեպում Հայ Ավետարանական եկեղեցի է հրթիռակոծվել

Հալեպում Հայ Ավետարանական եկեղեցի է հրթիռակոծվել

PanARMENIAN.Net - Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 17-ին հրթիռակոծել են Հալեպի Մունշիե, Ազիզիե, Սաատ Ալլա Ճապրի շրջանները: Այս մասին գրում է Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը:

Այդ թվում հրթիռակոծել են Հայ Ավետարանական Էմանուել եկեղեցին՝ առավոտյան պատարագից ժամեր անց: Մարդիկ չեն տուժել, միայն եկեղեցին է մեծ վնասներ կրել:

Հալեպի Ավետարանական Էմանուել եկեղեցին մոտ 100 տարվա պատմություն ունի:

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են Հալեպը վերջերս՝ 2015-ի դեկտեմբերի 24-ին: Հրթիռակոծվել են միանգամից մի քանի շրջան՝ Մունշիե, Քոսթաքի Հըմսի, Նեյյել և Ազիզիե: Սեպտեմբերի 21-ին Հալեպի Նոր Գյուղի և Ժապրիեի շրջաններն են հրթիռակոծվել: Սիրիայի զինյալ խմբավորումները տասնյակ հրթիռներ են արձակել նաև Հալեպի Ազիզիե, Նոր Գյուղ, Ժապրիե, Սուլեյման ալ Հալապի հայաշատ բնակավայրերի ուղղությամբ: Ռմբակոծությունների հետևանքով զոհվել ու վիրավորվել են բազմաթիվ մարդիկ։ Վիրավորների թվում նաև հայեր են եղել:

Նոյեմբերի 4-ին սիրիական բանակի մարտիկներն աշխարհազորայինների աջակցությամբ ազատագրել են Սալմիա-Հանասիր ավտոմայրուղին Համա քաղաքից դեպի արևելք: Այդ ավտոմայրուղին «կյանքի ճանապարհ» են անվանում, քանի որ դրանով է իրականացվում Սիրիայի հյուսիսային մայրաքաղաք Հալեպի մատակարարումը: Մինչ այդ այն շրջափակված էր «Իսլամական պետության» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների կողմից: Ինչպես հայտնել է «Ալ Վաթան» թերթը, ազատագրվել է ավտոմայրուղուց 15 կմ խորությամբ տարածք:

Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս–արևելքում` էլ–Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---