Ղարաբաղյան կարգավորումն առաջնային է Եվրամիության համար. ԵՄ-ն կոչ է անում շարունակել Երևան-Բաքու երկխոսությունը

Ղարաբաղյան կարգավորումն առաջնային է Եվրամիության համար. ԵՄ-ն կոչ է անում շարունակել Երևան-Բաքու երկխոսությունը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է առաջնային հարց լինել Եվրամիության համար: Այդ մասին ասվում է Բրյուսելում հունվարի 18-ին տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստի ավարտին հրապարակված ԵՄ հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ն հաստատում է, որ ստատուս քվոն ղարաբաղյան կարգավորման հարցում անընդունելի է: Հակամարտության խաղաղ կարգավորումը առաջնային հարց է մնում Եվրամիության համար: Իրավիճակը շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մտահոգության առիթ է տալիս: ԵՄ-ն կրկնում է զսպվածության ու հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերին սատարելու իր կոչը: Եվրամիությունը նաև վերահաստատում է, որ սատարում է բանակցային գործընթացին ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով:

ԵՄ-ն հորդորում է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը, այդ թվում նախագահների մակարդակով`ողջունելով համանախագահների նախաձեռնությամբ Շվեյցարիայում նախորդ տարվա դեկտեմբերին կայացած նախագահների հանդիպումը, որը հնարավորություն տվեց կարծիքներ փոխանակել` առաջ շարժվելու ակնկալիքով:

ԵՄ-ն վերահաստատում է աջակցությունը խաղաղ գործընթացին և պատրաստակամ է սատարելու հակամարտությունից տուժած տարածաշրջանների վերականգնմանն ու վերակառուցմանը` խաղաղ պայմանագիր կնքելու դեպքում»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Armenia Today-ը:

Հունվարի 18-ին ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ, մասնակցեց Բրյուսելում տեղի ունեցած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 16-րդ նիստին։ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների հետևանքով Արցախի հետ շփման գծում և Հայաստան - Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակը:

«Անցյալ տարի արձանագրվեց Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումների զգալի աճ, այդ թվում` ծանր զինատեսակների օգտագործմամբ, որոնք բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ դարձան։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հասցեական կոչեր հղեցին Ադրբեջանին՝ զսպվածություն ցուցաբերել, հարգել հրադադարի համաձայնագիրը, հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությունները, չխոչընդոտել բանակցային գործընթացը, համաձայնել շփման գծում և սահմանին հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը», - ասել է նա։

Նալբանդյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---