Սկանդալ Հոլիվուդում. «Օսկարը» բոյկոտելու կոչեր են հնչում

Սկանդալ Հոլիվուդում. «Օսկարը» բոյկոտելու կոչեր են հնչում

PanARMENIAN.Net - «Օսկարի» հանձնման 88-րդ արարողությունը, որը կայանալու է փետրվարի 28-ին, զերծ չի մնա աղմկահարույց սկանդալներից: Դերասանուհի Ջադա Փինքեթ-Սմիթն ու Սփայք Լին հունվարի 18-ին հայտարարել են, որ մտադիր են բոյկոտել մրցանակաբաշխությունն` անվանակարգերում սևամորթ դերասանների բացակայության պատճառով:

Սփայք Լին, որը ներկայացվել է «Օսկարի» 1989-ին «Արա ինչպես հարկն է» ֆիլմի և 1997-ին «4 աղջնակ» վավերագրական ֆիլմի համար Ինսթագրամում երկար նամակ է տեղադրել` ուղեկցելով այն Մարթին Լյութեր Քինգի լուսանկարով:

ԱՄՆ-ում ամեն տարի նշում են Մարթին Լյութեր Քինգի օրը, որը սպանվել է 1968-ի ապրիլի 4-ին: Օրը նշվում է հունվարի երրորդ երկուշաբթի` այս տարի դա հունվարի 18-ն էր:

Սկզբից Լին շնորհակալություն է հայտնել Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկին այս տարի իրեն պատվավոր «Օսկարի» հավակնորդների շարքում ընդգրկելու համար, սակայն, գրել է հետևյալը. «Ինչպե՞ս կարող է պատահել, որ երկրորդ տարին անընդմեջ Օսկարի հավակնորդների թվում չկան սևամորթ դերասաններ: Մի՞թե մենք խաղալ չգիտենք: Ըստ իս, Ամերիկյան կինոակադեմիան ոչինչ չի որոշում: Գլխավոր որոշումները կայացնում են հոլիվուդյան ստուդիաներն ու հեռուստաընկերությունները»:

Դերասանուհի Ջադա Փինքեթ-Սմիթը հունվարի 18-ին ֆեյսբուքյան էջում տեսաուղերձ էր հրապարակել, որտեղ հաստատել է «Օսկարի» մրցանակաբաշխությանը չգնալու և հեռարձակումը չդիտելու իր որոշումը: Դերասանուհուն շատ է վշտացրել այն փաստը, որ իր ամուսին Ուիլ Սմիթը, որը «Պաշտպանը» ֆիլմում դերակատարության համար «Ոսկե գլոբուսի» հավակնորդների թվում էր, չի ընդգրկվել «Օսկարի» հավակնորդների ցանկում: Նա գրել է, որ ժամանակները փոխվել են և այժմ «գունավոր մաշկով» բնակչությանը պատշաճ ուշադրություն և հարգանք չի ցուցաբերվում: Ըստ նրա, հարկավոր է շտապ ինչ-որ բան փոխել այս իրավիճակում:

Ամերիկյան կինոակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեկն իր հերթին պաշտոնական հայտարարությունում խոստացել է, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ կկատարվեն կազմակերպության անդամների ընտրության կարգում, ինչը թույլ կտա ընդլայնել տարբեր ռասաների և ազգությունների պատկանող անձանց մասնակցությունը:

«Ատելի ութնյակի» ռեժիսոր Քվենտին Տարանտինոն ափսոսանք է հայտնել, որ հավկնորդների թվում չկա իր ֆիլմում փայլուն դերակատարմամբ աչքի ընկած Սեմյուել Լ.Ջեքսոնը: Շատերը հիասթափված են Իդրիս Էլբեի բացակայությամբ, որը կատարել է գլխավոր դերերից մեկը «Անտոհմ գազանները» ֆիլմում, հայտնում է filmpro-ն:

Մինչդեռ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությունը կվարի հայտնի աֆրոամերիկացի կատակերգու Քրիս Ռոքը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---