Էրդողան. Թուրքիան Մոսկվային թույլ չի տա Սիրիայում նոր ռազմակայան կառուցել

Էրդողան. Թուրքիան Մոսկվային թույլ չի տա Սիրիայում նոր ռազմակայան կառուցել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 22-ին հայտարարել է, որ Թուրքիան Ռուսաստանին թույլ չի տա Սիրիայի հյուսիսում նոր ռազմաբազա կառուցել, որի մասին տեղեկություններ ավելի վաղ հայտնվել էին ամերիկյան ԶԼՄ-ներում, հայտնում է Tert.am-ը:

Ինչպես հաղորդում է թուրքական Daily Sabah պարբերականը` Էրդողանը, լրագրողների հարցերին պատասխանելով, նշել է, որ Թուրքիայի տվյալներով հյուսիսային Սիրիայում մոտ 100 ռուս զինվոր է գտնվում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Էրդողանի խոսքով` PYD («Ժողովրդավարական միություն» քրդական սիրիական կուսակցություն) «ահաբեկչական կազմակերպությունը», որին աջակցում է Ռուսաստանը, ոչնչով չի տարբերվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից:

Ավելի վաղ ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի գծով հատոկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարեց, որ Մոսկվան կշարունակի շփումներն Իրաքի և Սիրիայի քրդերի հետ: «Մենք փոխըմբռնում ունենք, որ քրդերը պետք է ներկայացված լինեն Սիրիայում ընդդիմության համախմբան հայրենասիրական հարթակի վրա, այնպես որ կաշխատենք նաև առաջիկայում»,-ասել է Բոգդանովը: Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության առաջնորդ Սալիհ Մուսլիմն իր հերթին հայտարարել է, որ սիրիաբնակ քրդերը պատրաստ են փոխգործակցել Ռուսաստանի հետ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---