Երեւանն ակնկալում է, որ ԵՄ-ն ակտիվորեն կներգրավվի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Ամերիկյան The Wall Street Journal թերթը այսօր հրապարակել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի «Չնայած ցեղասպանությանը » վերնագրված հոդվածը, որում նա հույս է հայտնում, որ ԵՄ-ն Թուրքիայի անդամակցության բանակցություններում կբարձրացնի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման հարցը: ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ վերջին ամսիներին Եվրոպայի ուշադրությունը սեւեռված էր Հայոց ցեղասպանության հարցին. այդ հարցի քննարկումը Եվրախորհրդարանում եւ ֆրանսիական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մերժման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրենքի ընդունումը:



«Մենք կարծում ենք, Թուրքիայի անդմակցությունը ԵՄ-ին կնպաստի տնտեսապես ավելի ուժեղ եւ ավելի կայուն հարեւանությանը», - գրում է Սերժ Սարգսյանը եւ հավելում. - «Դա բխում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի շահերից»: ՀՀ պաշտպանության նախարարի կարծիքով, Եվրամիությանը անդամակցությունը Թուրքիան շատ ավելի կանխատեսելի կդարձներ, իսկ «կանխատեսելի հարեւանի հետ գործ ունենալը ավելի դյուրին է»: Սերժ Սարգսյանը նաեւ համոզմունք է հայտնում, որ թուրք-հայկական հարաբերությունները եւ Հայոց ցեղասպանության հարցը կարեւոր գործոններ են, «որոնց քննարկումը, անշուշտ, անհրաժեշտ է Եվրամիությանը անդամակցության հարցով Թուրքիայի բանակցությունների ընթացքում»: «Կարեւոր է հիշել անցյալը` կանխելու համար մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը»,- գրում է Սարգսյանը:



«Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն ավելի մեծ ներգրավվածություն կունենա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման մեջ»: Նրա խոսքերով Թուրքիայի հետ ապագա հարաբերությունների հարցում Հայաստանը որդեգրել է շիտակ եւ գործնական դիրքորոշում. - «Մենք կողջունեինք բնականոն դիվանագիտական եւ այլ հարաբերությունների հաստատումը` առանց նախապայմանների: Դա ներառում է ցեղասպանության ճանաչման հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը չկապելը: Ինչը ավելի կարեւոր է` մենք ցանկանում ենք նման դիվանագիտական հարաբերությունները օգտագործել որպես մեր հարաբերությունները ծանրաբեռնող հարցերը հաղթահարելու միջոց: Լուծումները կհայտնվեն միայն այն ժամանակ, երբ մենք ջանասիրաբար աշխատենք դրանց ուղղությամբ` սկսելով բաց երկխոսություն հաստատելուց», - ընդգծում է Սերժ Սարգսյանը, ավելացնելով, որ դժբախտաբար, բնականոն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու` Հայաստանի ցանկությանը Թուրքիայի արձագանքը անցյալում եղել է Հայոց ցեղասպանությունը ճանաչողներին պատժելը եւ սպառնալը:



Սերժ Սարգսյանը հիշեցնում է, որ Թուրքիան մինչեւ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, փակ է պահում Հայաստանի հետ սահմանը` չնայած աճող միջազգային ճնշմանը եւ դատապարտմանը, ամեն ջանք գործադրում է` մեկուսացնելու համար Հայաստանը միջազգային եւ տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերից եւ կառուցողական դեր չի խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: «Այդուհանդերձ, Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Հայաստանը չի դիտարկում որպես սպառնալիք ազգային անվտանգությանը: Ճիշտ հակառակը` մենք հուսով ենք, որ Թուրքիան կփոխվի եւ ավելի պատրաստակամ կլինի` դեմ հանդիման կանգնելու իր պատմությանը եւ ապագային: Ոչ թուրքերը եւ ոչ էլ հայերը չեն գնալու տարածաշրջանից: Տրամաբանական լուծումը միմյանց հետ բնականոն հարաբերություններ ունենալն է», - ընդգծել է պաշտպանության նախարարը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, թե Հայաստանը չպետք է ամեն գնով կարգավորի Անկարայի հետ իր հարաբերությունները: «Ես կրկնում եմ, որ Հայաստանը պատրաստ է կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները առանց նախապայմանների»:



Իր հոդվածը նախարարն ամփոփում է Թուրքիային ուղղված կոչով. - «Մենք չենք կարող լինել մշտական թշնամիներ, եւ նույնիսկ եթե կարողանայինք, ապա անհրաժեշտություն եւ իմաստ չկա նման թշնամության մեջ: Հետեւաբար, հանուն մեր ապագայի` շարժվենք առաջ», հաղորդում է Կանադայի Հայ Դատի հանձնախումբը:
 Ուշագրավ
Վարչապետը հանդիպել է Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի ղեկավար կազմի հետ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար