26 հունվարի 2016 - 18:09 AMT
Օհանյան. ՌԴ-ից սպառազինության վարկի շուրջ գործընթացը համապատասխանում է նախատեսվածին

ՀՀ-ին ՌԴ կողմից սպառազինության գնման համար նախատեսված վարկի շուրջ գործընթացը համապատասխանում է նախատեսվածին: Այս մասին հունվարի 26-ին լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ եղավ ՌԴ կողմից $200 մլն սպառազինության գնման հարցը, քանի որ մամուլում հաճախ գրվում է, թե սպառազինությունը չի եկել կամ գումարը չի տրվել:

«Զինված ուժերի ղեկավարությունը գիտի այս ուղղությամբ ինչ անել և ժամանակին ամեն ինչ իրականացնում է»,- ասել է Օհանյանը, գրում է Tert.am-ը:

Նախարարը նաև ընդգծել է, որ ՌԴ հետ ոչ միայն ապահովում են ռազմատեխնիկական գործակցություն, այլ ավելին:

«2013-ին ստորագրված պայմանագրի շրջանակում ապահովում ենք զարգացում, ժամանակակից համատեղելի սպառազինության և ռազմական տեխնիկայի հեռահար և գերճշգրիտ միջոցների ձեռքբերմամբ», - նշել է Օհանյանը:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար: Սակայն նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ են դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները:

Հունվարի 18-ին ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը հայտարարել է, որ բյուջետային սահմանափակումների պայմաններում Ռուսաստանը ստիպված կլինի ընթացիկ տարում դադարեցնել նոր վարկերի տրամադրումը այլ երկրների փոխառուներին:

Անդրադառնալով զինծառայողների խնդիրներին, Օհանյանը տեղեկացրել է, որ պաշտպանության նախարարությունում ուսումնասիրել են ու իրենք էլ պարզել, որ վերջին տարիներին սահմանում զոհված զինծառայողները սոցիալապես անապահով ընտանիքների զավակներ են:

«Վերջին տարիներին չգիտեմ՝ ինչպես է ստացվում, բայց այդ հանգամանքը կա: Հասկանալի է, որ սահմանում կանգնած զինծառայողների սխրանքի ու հերոսությունների շնորհիվ է, որ կարողանում ենք պաշտպանել մեր սահմանները: Վերջին տարիների ընթացքում մենք ունեցել ենք հերոսներ ու հրամանատարներ», - - ասել է նախարարը, գրում է Panorama.am-ը:

Նրա խոսքով, երկրի պաշտպանական գերատեսչությունում վերջին տարիներին լուրջ միջոցառումներ ձեռնարկվել են զորակոչերի ժամանակ զորամասերում արդարացի բաշխումներ կատարելու համար, ինչը արվում է վիճակահանության արդյունքում:

«Բաշխման ընթացքում ուշադրություն չենք դարձնում, թե որ ընտանիքներից են այդ երեխաները՝ հաշվի ենք առնում ֆիզիկական հատկանիշները, ուսման վայրը և այլն: Այդուհանդերձ այդ հարցը գտնվում է բանակի ղեկավարության ուշադրության կենտրոնում», - պարզաբանել է Օհանյանը:

Նա նաև ընդգշել է, որ այդ ընտանիքները զորամասի հրամանատարության ուշադրության կենտրոնում են լինում, ինչպես նաև ստանում աջակցություն: