Մոսկվայում կկանգնեցվի «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանը

PanARMENIAN.Net - Եկող տարի Մոսկվայում նախատեսվում է հուշարձան կանգնեցնել «Միմինո» ֆիլմի հերոսներին` Վալիկո Միզանդարիին (Վախթանգ Կիկաբիձե), Ռուբիկ Խաչիկյանին (Ֆրունզիկ Մկրտչյան) եւ Վոլոխովին (Եվգենի Լեոնով): Հուշարձանը կնվիրվի ռեժիսոր Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի էկրան դուրս գալու 30-ամյակին: Նախօրեին այդ նախաձեռնությունը ստացել է Մոսքաղդումայի մշակույթի հանձնաժողովի հավանությունը: Մոտ ժամանակներս համապատասխան օրինագիծ կնախապատրաստվի: «Միմինոի» հերոսներին նվիրված հուշարձանը նախատեսվում է տեղադրել «Չիստիե պրուդի» տարածքում` այնտեղ, ուր կատարվել են ֆիլմի նկարահանումները եւ որտեղ այժմ ապրում է Գեորգի Դանելիան: Որպես այլընտրանքային տարբերակ դիտվում է Մոսկվայի կենտրոնում Գրուզինսկայա փողոցի շրջանում եւ նախկին «Ռոսիա» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող տարածքները, որտեղ հանդիպում են ֆիլմի հերոսները: Հուշարձանի լավագույն նախագծի համար մրցույթ կհայտարարվի: Ինչպես հայտարարել է Մոսքաղդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը, «պետք է այնպիսի քանդակ ստեղծել, որ բոլորի կողմից այն միանման ընկալվի, եւ որ բոլորին հաղորդի ջերմություն եւ լավ տրամադրություն, ինչպես ֆիլմը:..Ցանկալի է, որ այդպիսի տրամադրություն տիրի յուրաքանչյուր տանը, ամեն մի բակում»: Բուբա (Վախթանգ) Կիկաբիձեն հավանություն է տվել հուշարձան կանգնեցնելու գաղափարին: «Դրանով, հավանաբար, կարտահայտվի այն գաղափարը, որ մարդը մարդուն ընկեր է, այլ ոչ թե գայլ, այդպիսի ասացվածք կա: Իհարկե, դա լավ է»,-նշել է Վախթանգ Կիկաբիձեն: Մեկնաբանելով հուշարձան կանգնեցնելու նախաձեռնությունը` ժողովրդական դերասանուհի Մարինա Դյուժեւան, որը «Միմինոյում» կատարել է Միզանդարիի երիտասարդ փաստաբանի դերը, նշել է, որ «բրոնզաձույլ եռյակը օրհներգ կլինի բարի մարդկային հարաբերություններին», հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---