ՆԱՏՕ-ի զեկույց. ՀՀ-ն խորացնում է կառույցի հետ հարաբերությունները՝ կիսվելով ռազմական պատրաստվածությամբ

ՆԱՏՕ-ի զեկույց. ՀՀ-ն խորացնում է կառույցի հետ հարաբերությունները՝ կիսվելով ռազմական պատրաստվածությամբ

PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինքի Գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ներկայացրել է 2015-ին կառույցի գործունեությունը անփոփող տարեկան զեկույց, որը երկրորդն է իր պաշտոնավարման ժամանակաշրջանում:

Զեկույցում ամփոփված են 2015-ին տեղի ունեցած իրադարձությունները և գնահատականներ են տրված անվտանգության ոլորտում ի հայտ եկած սպառնալիքներին, ՆԱՏՕ-ի կողմից իրականացրած գործողություններին:

Հեղինակն անդրադառնում է նաև Հայաստանին: Զեկույցում ուշադրություն է հրավիրված այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնում է ռազմական պատրաստվածության և ռազմական կրթության ոլորտներում սեփական փորձառությամբ կիսվելու, ինչպես նաև կառույցի անդամ երկրների համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ մասնագիտական վերապատրաստումներին ուղղված նախաձեռնություններ կյանքի կոչելու միջոցով, գրում է Panorama.am-ը:

Զեկույցից պարզ է դառնում, որ 2015-ին «Ուժեղացված պաշտպանություն» կրթական ծրագրի շրջանակում հայ սպաները սերբ գործընկերների հետ միասին ռազմական և ակադեմիական կրթությունը միավորելուն ուղղված խորհրդակցություններ են իրականացրել, ինչպես նաև Հայաստանը հետաքրքրվածություն է ցուցաբերել Ազգային գործողությունների ծրագիր մշակել ՄԱԿ-ի համատեղ անվտանգության ծրագրի կիրարկման վերաբերյալ:

Ըստ ՆԱՏՕ-ի գնահատականների, 2015-ին անվտանգային միջավայրը լի է եղել համընդգրկուն ռիկսերով և առանձնացել է նկատելի անկայունության դրսևորումներով: Այս առումով հատկապես ուշադրություն է հրավիրվում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում աճող ծայրահեղականության դրսևորումների վրա: Որպես համընդգրկուն ռիսկեր պարունակող գործընթացներ են դիտարկված նաև հումանիտար ճգնաժամերը Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև Եվրոպան ողողած միգրացիոն հոսքերը, որոնք կառույցի կողմից որակվել են որպես վերջին դարաշրջանում տեղ գտած աննախադեպ երևույթ:

Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային հարաբերությունները սկսվել են 1992թ., երբ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան Համագործակցության Խորհրդին, որն ավելի ուշ վերանվանվեց Եվրատլանտյան Գործընկերության Խորհրդի (Հայաստանը ԵԱԳԽ-ի անդամ է 1997թ-ից): Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ է՛լ ավելի ընդլայնվեց, երբ 1994թ. Հայաստանը միացավ Գործընկերություն Հանուն Խաղաղության ծրագրին:

Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն գործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ:

Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական եւ քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

2015-ի նոյեմբերի 9-ին ՆԱՏՕ-ի միջազգային աշխատակազմի քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնի ներկայացուցիչ Շտեֆան Էլգերսմանն ասել է, որ արդեն մոտ երկու տասնամյակ է Հայաստանը ՆԱՏՕ-ի շրջանակում անհատական գործընկերության գործողությունների ծրագրի անդամ է և որևէ անհամատեղելիության հարց չկա Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելու և ՆԱՏՕ-ի հետ գործակցության եզրեր ունենալու համար։

Հարցին, թե որն է գործակցության սահմանի կարմիր գիծը, այսինքն` մինչև որ սահմանը կարող է գործակցություն լինել, ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը պատասխանել է. «Մենք մեր կողմից ոչ մի կարմիր գծեր չենք սահմանել, չեմ տեսնում նման գծեր, մենք ողջունում ենք Հայաստանի գործակցությունն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի առաքելություններին»։ Նրա խոսքով՝ ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ միասին ձևավորել է հաջող քաղաքական երկխոսություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---