Տենոր Տիգրան Օհանյանը՝ Լոնդոնի թատրոնի բեմում

Տենոր Տիգրան Օհանյանը՝ Լոնդոնի թատրոնի բեմում

PanARMENIAN.Net - 2015-ի դեկտեմբերին Լոնդոնի «Հայկական օպերան» բեմադրել է Արմեն Տիգրանյանի «Դավիթ Բեկ» օպերան:

Հրավիրված էին նաև հայաստանցի օպերային երգիչներ: Հիշյալ օպերայում իշխան Ստեփանոս Շահումյանի դերերգով հանդես եկած երիտասարդ տենոր Տիգրան Օհանյանը դեռևս ուսանում է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մագիստրատուրայում՝ պրոֆեսոր Սուսաննա Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

Նա նշել է, որ Լոնդոնի հայկական օպերայի հիմնադրման ակունքներում (2011թ.) ճանաչված բաս-բարիտոն Արիս Նադիրյանն է, գրում է Aravot.am-ը:

«Դավիթ Բեկից» առաջ այդ օպերայում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշը»:

«Արիս Նադիրյանը հանդես եկավ Դավիթ Բեկի դերերգով, անգլիաբնակ երգչուհիներ՝ մեցցո սոպրանո Անաիս Էգոյանը մարմնավորեց Թամարի, սոպրանո Թերեզա Գրիգորյանը՝ Շուշանի կերպարները: Հայաստանից հրավիրված էին տենոր Վահե Բեգոյանը (սանթուր), բաս Արմեն Գրիգորյանը (Պարսից խան), բարիտոն Գրիշա Աբրահամյանը (Մելիք): Բեմադրության ռեժիսորն էր հայկական արմատներով Սեդա Ուայթը, դիրիժորը՝ Լևոն Բարիկյանը»,- հայտնել է Օհանյանը:

«Դավիթ Բեկի» երկու ներկայացումը կայացել է Լոնդոնի հեղինակավոր Բենջամին Բրիտենի անվան թատրոնում և ներկայացմանը անդրադարձել են ոչ միայն տեղի հայկական, այլև բրիտանական որոշ պարբերականներ:

Տիգրան Օհանյանը դեռևս կոնսերվատորիայի առաջին կուրսից (սովորել է ճանաչված մանկավարժ, պրոֆեսոր Ռաֆայել Հակոբյանցի դասարանում) տարբեր տարիների հանդես է եկել Երևանի, Ռիգայի օպերային թատրոնների նվագախմբերի, Սանկտ Պետերբուրգի երիտասարդական նվագախմբի հետ, մասնակցել է երիտասարդ երգիչների հայաստանյան մրցույթներին, այդ թվում՝ Գյումրիում «Վերածնունդ», Երևանում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան, արժանանալով դափնիների: 2012թ. Ամստերդամում կայացած Դելփյան խաղերում 3-րդ մրցանակ է շահել, ավելի ուշ՝ 2013թ. Սանկտ Պետերբուրգում կայացած երիտասարդ օպերային երգիչների մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման, իսկ 2015-ին Ռիգայում անցկացվող կոմպոզիտոր Յազեպս Վիտոսի անվան միջազգային մրցույթում ճանաչվել է «հեռանկարային տենոր»:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---