Վարչապետ. Գազի էժանացման հնարավորությունն ակնհայտ է

Վարչապետ. Գազի էժանացման հնարավորությունն ակնհայտ է

PanARMENIAN.Net - Էներգակիրների գները տնտեսության և բնակչության համար պետք է լինեն մատչելի և շահավետ: Այդ մասին գործադիրի փետրվարի 4-ի նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Հայաստանի տնտեսվարողների համար էական է իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող էներգակիրների գինը և մենք շահագրգռված ենք, որ հանրապետության էական ենթակառուցվածք հանդիսացող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը լինի կայուն և խելամտորեն շահութաբեր»,- ասել է վարչապետը, հայտնում է Panorama. am-ը:

«Գազի սպառման ծավալների նվազումը ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում: Կարծում եմ, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մեծ անելիք ունի այս բիզնես տրամաբանությունը հանրությանը և իր վերադասին ներկայացնելու գործում, ինչի արդյունքում թե ընկերության, թե ՌԴ-ի համար հստակ կդառան մեր բանակցային առաջարկի փոխշահավետ բնույթը»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

Նա նշել է, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը:

Ավելի վաղ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, հայտնել էր, որ նախորդ տարվա համեմատությամբ ՌԴ-ից ներմուծված գազի ծավալը նվազել է 6,8 տոկոսով, ինչը պայմանավորվել է առաջին հերթին ներքին սպառման անկմամբ։ Անդրադառնալով հարցին, թե կառավարությունը դիմե՞լ է Ռուսաստանին գազի սակագինը վերանայելու հարցում, Զախարյանն ասել էր. «Կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ գազի գնի վերանայման հետ կապված, այսօր բանակցությունների փուլում է, իսկ մնացած բոլոր խոսակցությունները հիմնավոր չեն»: Նախարարը հավելել էր, որ դեռևս վերջնական որևէ որոշում չկա:

Ավելի վաղ կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողներ վարչապետին առաջարկել էին դիմել ՌԴ-ին՝ նվազեցնելու գազի սակագինը: 10 հազար խորանադր մետրից ավելի գազ սպառողները վճարում են 277 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց: Ընդ որում, ըստ ռուսաստանյան Վեդոմոստի պարբերականի, ռուսական գազի գինը եվրոպացի սպառողների համար ընկել է մինչև 252 դոլար` 1000 խմ դիմաց, նվազելով մոտ 100 դոլարով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---