Շաբոյան. 2015-ին բենզինի սակագինը նվազել է մոտ 28%-ով

Շաբոյան. 2015-ին  բենզինի սակագինը նվազել է  մոտ 28%-ով

PanARMENIAN.Net - Բենզինի ներկրման և իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկա է համարվում, այդ պատճառով մշտապես գտնվում է հանձնաժողովի տեսադաշտում: Այս մասին փետրվարի 3-ի Կառավարության նիստում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

«Մեր ուսումնասիրության արդյունքներով, 2015-ի ընթացքում բենզինի գները նվազել են, 470 դրամից հասնելով 390-ի: Եթե դոլարային արտահայտությամբ վերցնենք,ապա բենզինի գները շատ ավելի են նվազել, քանի որ բենզինը հանդիսանում է այն ապրանքը, որ իրացվում է հայկական դրամով և ներմուծվում է ամերիկյան դոլարով: Այդ պատճառով հայկական դրամի փոխարժեքի արժեզրկումը շատ կարևոր նշանակություն ունի»,- ասել է Շաբոյանը՝ հավելելով, որ եթե 2014-ից թվերը դիտարկենք, ապա գները շատ ավելի են նվազել՝ 480-ից հասնելով 390 դրամի:

Նա նաև նկատել է՝ եթե դոլարային կտրվածքով դիտարկենք, ապա բենզինի գները նվազել են մոտ 28%-ով:

«Եթե վաճառքի գները համեմատում ենք ձեռք բերման գների հետ, ապա վաճառքի գների նվազումն ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»,- նշել է Շաբոյանը, գրում է Tert.am-ը:

Նա հայտնել է, որ ուսումնասիրել են նաև տարբեր երկրներում իրավիճակը. մասնավորապես Մեծ Բրիտանիայում, Ռումինիայում, Ֆրանսիայում, Չեխիայում նախորդ տարի բենզինի գները նվազել են 7-10%-ով, իսկ 2015-ին եվրոյով արտահայտված բենզինի գները ՀՀ-ում նվազել են 14%-ով:

Քանի որ նավթի տեսակարար կշիռը կարևոր նշանակություն ունի բենզինի գնի վրա և այն հիմնականում ՀՀ է ներկրվում ՌԴ-ից՝ Շաբոյանը նկատել է. «ՌԴ-ում նավթի արդյունահանման ծախսերը մեծ ծավալ են կազմում, հարկերն ունեն տեսակարար մեծ կշիռ, բացի այդ՝ կատարվում են բենզինի ներկրման տրանսպորտային մեծ ծախսեր: Ստացվում է, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի գնի մեջ նավթի տեսակարար կշիռը միայն ութ տոկոս է, ինչի փոփոխությունը քիչ ազդեցություն է ունենում բենզինի վաճառքի գնի վրա»:

ՏՄՊՊՀ նախագահն ասել է նաև, որ պարբերաբար ուսումնասիրում են բենզին ներմուծող ընկերությունների՝ «Ֆլեշ» և «Սի փի էս»-ի գործունեությունը: Շաբոյանի խոսքերով՝ 2008-ի համեմատ բենզին ներկրող խոշոր ընկերությունների թիվը հինգից նվազել է երկուսի: ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ այս շուկայում մրցակցության սահմանափակման երևույթներ չկան, մուտքի խոչընդոտներ` նույնպես:

Շաբոյանը նշել է, որ այդուհանդերձ, եթե կլինեն տնտեսվարողներ, որոնք այս ոլորտում կհանդիպեն խոչընդոտների, թող դիմեն իրենց և հանձնաժողովը հետևողական կլինի խնդիրների լուծման հարցում:

Կարդացեք նաև. Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և Վրաստանում

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---