Սուբսիդավորված գներով մշակաբույսերի սերմացուներ՝ հողօգտագործողներին

Սուբսիդավորված գներով մշակաբույսերի սերմացուներ՝ հողօգտագործողներին

PanARMENIAN.Net - ՀՀ Կառավարությունը փետրվարի 3-ի նիստում հաստատել է Հայաստանում 2016-ի գարնանացան գարու, առվյուտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագիրը և տվել ֆինանսական միջոցների օգտագործման թույլտվություն:

Հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու և սերմացուների նկատմամբ պահանջարկը մասամբ բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել արտերկրից ձեռք բերելու 1.457 տոննա գարնանացան գարու առաջին վերարտադրության, 188 տոննա կորնգանի և «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ից 100 տոննա գարնանացան գարու էլիտային սերմացու, որոնք ծրագրի դրույթներին համապատասխան կտրամադրվեն գյուղացիական տնտեսություններին:

Գործադիրը փետրվարի 3-ի նիստում հավանություն է տվել նաև Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցների տնօրինման ծրագրին, որն ուղղված է համայնքի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների իրականացմանը: Ակնկալվում է, որ Հաղպատ գյուղի մոտ 270 տնտեսությունները, միջնակարգ դպրոցը, մանկապարտեզը, հյուրանոցներն ու հյուրատները 24-ժամյա մատակարարմամբ կօգտվեն մաքուր և սանիտարական նորմերին համապատասխանող ջրից:

Ինչպես նաև, գործադիրի որոշմամբ թույլատրվել է «Սամտ հոլդինգ» ՍՊԸ-ին «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի կարգավիճակով գործունեություն ծավալել: «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել արտահանման ծավալների աճը ոսկերչական, ակնագործական և ժամագործական ոլորտի միջազգային ընկերությունների ներգրավման միջոցով, ստեղծել նոր աշխատատեղեր և նպաստել կայուն տնտեսական զարգացմանը, ինչպես նաև նպաստել տվյալ հատվածում հայկական բրենդի ճանաչմանն ու տարածմանը:

Կառավարությունը որոշել է Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի համապատասխան հասցեներում գտնվող անշարժ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Սասստեքս» ՍՊԸ-ին՝ 2 մլն 293.400 եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրում իրականացնելու և տեքստիլի արտադրություն կազմակերպելու նպատակով: Ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը սահմանվել է 1.000.000 դրամ:

Գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Արմյանսկիյ ուրաժայ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2016թ. հուլիսի 31-ը: Ներդրումային ծրագրի շրջանակում` Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ: Դրա համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 1.637 մլրդ դրամի ներդրում, որից մոտ 1.337 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելու համար: Ծրագրի արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---