Իրանական ընկերությունը ՀՀ-ում փականների արտադրություն է մտադիր բացել՝ ԵՏՄ արտահանելու համար

Իրանական ընկերությունը ՀՀ-ում փականների արտադրություն է մտադիր բացել՝  ԵՏՄ արտահանելու համար

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 4-ին ընդունել է իրանական «Միրաբ» ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էր ընկերության հիմնադիր տնօրեն Մորթեզա Թավաջոհը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:

Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը տարբեր տրամաչափերի փականների արտադրությունն է, որոնք օգտագործվում են նաև գյուղատնտեսության բնագավառում:

Թավաջոհը տեղեկացրել է, որ գործունեության 35 տարվա ընթացքում «Միրաբ» ընկերությունն ունեցել է զգալի հաջողություններ, Գերմանիայում գործում է մասնաճյուղ, աշխարհի 14 երկրում ունեն ներկայացուցչություններ և ներկայումս արտադրանքը մեծ պահանջարկ ունի:

Ընդգծելով, որ ընկերության 2015-ի արտադրանքի մեծ մասն ուղղվել է Իրանի գյուղատնտեսության ոլորտում ոռոգման համակարգերի բարելավմանը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում քայլեր են ձեռնարկվում ոռոգման կաթիլային համակարգին անցնելու ուղղությամբ` Թավաջոհը վստահություն է հայտնել, որ իրենց արտադրանքը կարող է հետաքրքրել նաև հայկական շուկային: Այս կապակցությամբ նա ցանկություն է հայտնել Հայաստանում ևս կազմակերպել փականների արտադրություն:

«Նման արտադրության կազմակերպումը մեր երկրում շատ կարևոր է, իսկ նկատի ունենալով Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը, կարծում եմ, որ մեր երկիրը կարող է հարմար հարթակ հանդիսանալ ընկերության արտադրանքը դեպի ԵՏՄ շուկա արտահանելու համար», - նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Տեղեկացնելով, որ վերջին տարիներին Հայաստանում բարենպաստ պայմաններ են ստեղծվել արտասահմանյան ներդրումների և երկրում նոր բիզնես սկսելու համար` նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել իրանական կողմին ՀՀ-ում փականների արտադրության կազմակերպման գործում:

Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է հյուրերին հանգամանորեն ուսումնասիրել հայկական շուկան և ոռոգման համակարգում առկա խնդիրները` հետագայում արտադրությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Ավելի վաղ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն Իրանում հանդիպել էր ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Կողմերը քննարկել են Պարսից ծոց-Սև ծով միջանցքի ստեղծման վերաբերյալ հարցեր: Բանակցություններ են ընթացել Ջուլֆա-Երասխ երկաթգծի կառուցման շուրջ:

Կարդացեք նաև՝ Երևանը, Թեհրանն ու Բաղդադը քննարկում են Իրաք-Իրան-Հայաստան ճանապարհի հարցը

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---