ՀՀԿ-ն ՄԻՊ պաշտոնում արդարադատության փոխնախարարին է առաջադրել, ԲՀԿ-ն՝ իրավաբան Եղիազարյանին

ՀՀԿ-ն  ՄԻՊ պաշտոնում արդարադատության փոխնախարարին է առաջադրել,  ԲՀԿ-ն՝  իրավաբան Եղիազարյանին

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին ԱԺ-֊ում տեղի է ունեցել ՀՀԿ խմբակցության նիստը, որտեղ որոշվել է ՄԻՊ պաշտոնում առաջադրել արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին: Վերջինս ներկա էր նիստին։

Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:

Նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՄԻՊ պաշտոնում աշխատանքի վերաբերյալ իր պատկերացումներին՝ Թաթոյանն ասել է, որ 7 տարի աշխատել է պաշտպանի աշխատակազմում, ուստի՝ պատկերացնում է այդ աշխատանքը։

Հարցին, թե իշխանության կողմից առաջադրված լինելով կարող է արդյոք անկաշկանդ աշխատել, Թաթոյանը պատասխանել է. «Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել և քաղքացու կողքին լինել՝ օմբուդսմենի առաքելությանը համապատասխան։ Բայց վերջնական հարցերը դեռ հանձնաժողովում կքննարկենք», մեջբերում է Pastinfo.am-ը։

Արման Թաթոյանը նաև հայտնել է, որ իրեն այդ պաշտոնում առաջարկել է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը։

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնի համար կառաջադրի ԲՀԿ քաղխորհրդի անդամ, իրավաբան Մակար Եղիազարյանի թեկնածությունը:

«Միգուցե այս պահին Մակարի անունը ձեզ շատ բան չի ասում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ իսկապես շատ պրոֆեսիոնալ երիտասարդ է, լուրջ փորձառություն ունի, միջազգային կառույցներում աշխատած է: Ես կարծում եմ, որ այդպիսի երիտասարդներն են, որ իսկապես կարող են հավուր պատշաճի իրականացնել երկրի ամենագլխավոր իրավապաշտպանի պարտականությունը»,- ներկայացնելով իրենց թեկնածուին, ասել է Զոհրաբյանը, գրում է Panorama.am-ը :

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը պաշտպանելուն, Զոհրաբյանի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հնարավորինս անաչառ:

«Ես շատ հարգում եմ տիկին Փոստանջյանին, ես գնահատում եմ իր սկզբունքայնությունը, բայց նա խիստ սուբյեկտիվ քաղաքական դիրքորոշում ունի: Իսկ ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պիտի լինի բացարձակ անաչառ, նա չպետք է լինի խիստ ընդգծված արմատական գործիչ և նա չպետք է լինի խիստ ընդգծված իշխանամետ գործիչ: Ընդհանրապես, նա պետք է վեր կանգնի քաղաքական գործընթացներից, իսկ տիկին Փոստանջյանը շատ ակտիվ քաղաքական գործիչ է»,- նկատել է Զոհրաբյանը:

ՄԻՊ պաշտոնում մինչ այժմ երեք թեկնածուի անուն էր շրջանառվում` իրավապաշտպան Նարեկ Ալոյան, որին առաջադրում է Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյան, որին առաջադրել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարությանը և Արման Թաթոյան` ՀՀԿ-ի կողմից: Հավանական թեկնածուների շարքում նաև քննարկվում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի անունը: Սակայն, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը բացառել է, որ խմբակցությունն առաջարկի Ջհանգիրյանին: Փետրվարի 4-ին նա նաև հայտնել է, որՀԱԿ-ում այս հարցի վերաբերյալ դեռևս քննարկումներ չեն եղել:

Փետրվարի 2-ին 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն փետրվարի 3-ին ընդունել է «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օբուդսմենի թեկնածու է առաջադրելու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Ազգային ժողովի փետրվարի 3-ի նիստի ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգի համաձայն՝ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն թեկնածուներին:

Կարդացեք նաև՝ ՀՀ օմբուդսմենը ԱԺ է ներկայացրել 2-րդ հրաժարականը և խոսել պատճառների մասին

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---