«Դիլիջան» ազգային պարկն անտառխախտման 9 դեպք է հայտնաբերել 2 ամսում

«Դիլիջան» ազգային պարկն անտառխախտման 9 դեպք է հայտնաբերել  2 ամսում

PanARMENIAN.Net - «Դիլիջան» ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցները 2015-ի դեկտեմբերին և 2016-ի հունվարին «Հաղարծին», «Շամախյան» և «Դիլիջան» տեղամասերում հայտնաբերել և կազմել են անտառխախտման 9 արձանագրություն` ապօրինի հատված 14 ծառի և 8 խմ վառելափայտի (թափուկի) անտառից ապօրինի դուրս բերման համար:

Նշված անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին:

Ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը կհաշվարկի տարածքային բաժինը:

2015-ի նոյեմբերի 22-ին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակում իրականացրած հերթական դաշտային աշխատանքների ընթացքում Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության կամավորների երկու խումբը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերել են մոտ 1.100 անօրինական հատված ծառ։

ՀԲՃ նախաձեռնությունը շեշտում է, որ այն վիճակը, որին ականատես են լինում Հայաստանի անտառապատ տարբեր տարածքներ այցելությունների ընթացքում, թույլ է տալիս փաստել, որ անտառների պահպանության համար պետասխանատու պետական մարմինների ղեկավարները՝ մեղմ ասած, մատնված են անգործության։

Հոկտեմբերին «Անտառների հասարակական մոնիտորինգ» ծրագրի շրջանակում իրականացված առաջին դաշտային աշխատանքների արդյունքում Համահայկական բնապահպանական ճակատի կամավորների խումբը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի և Եղեգնուտի անտառտնտեսությունների մի քանի տեղամասերի տարածքում, հայտնաբերել են հազարից ավելի տարբեր տեսակի անօրինական հատված ծառ։ Դրանցից մոտ 250-300-ը թարմ հատված էին, իսկ մնացածը՝ մինչև 5 տարվա վաղեմության։ Անտառում ամենուրեք մնացած կոճղերն ունեին 10-ից մինչև 90 սմ տրամագիծ։

Սեպտեմբերին Շիկահողի արգելոցին հարակից երկու տեղամասում կատարած կարճատև տեղազննումների արդյունքում նախաձեռնությունը հայտնաբերել է տարբեր տեսակի և տարիքի թարմ հատված մոտ 70 ծառի կոճղեր, տեղափոխման համար նախապատրաստված փայտանյութի բազում կույտեր, անտառահատման գործիքներ և անտառանյութով բեռնված առանց պետհամարանիշերի բեռնատարներ։

Հոկտեմբերին քաղաքացիական նախաձեռնությունը հերթական ահազանգն է ստացել Սյունիքի անտառներից։ Այս անգամ խոսքը վերաբերում է արդեն «Շիկահող» պետական արգելոցի և նրան անմիջապես հարակից տարածքներում իրականացված ապօրինի ծառահատումներին։ Ստացված տեղեկությունների համաձայն, դրանք արվել են արգելոցի 10-րդ պահաբաժնում՝ Մազրա գյուղատեղի հարևանությամբ, նույնանուն գետի աջ ափի ուղղությամբ, և Ծավ գետի աջ ափին, 16-րդ դարում կառուցված կամրջից մոտ հարյուր մետր գետի հոսանքով վերև։

Կարդացեք նաև՝ 1.273 ծառ է ապօրինի հատվել 2015-ին. 175 հա-ում անտառվերականգնում է արվել

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---