Պետդեպ. Վաշինգտոնն ու Էր Ռիադը քննարկում են Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը

Պետդեպ. Վաշինգտոնն ու Էր Ռիադը քննարկում են Սիրիայում ցամաքային գործողության հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան քննարկում են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ցամաքային գործողության հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:

Փետրվարի 5-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց, թե պատրաստ է իր զորքերն ուղարկել Սիրիա ցամաքային գործողությանը մասնակցելու նպատակով` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում: Այսպիսի հայտարարություն արեց երկրի պաշտպանության փոխնախարար Ահմեդ Ասերին: Ավելի վաղ բրիտանական Guardian-ն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Էր Ռիադը կարող է մի քանի հազար զինվորականների գործուղել Սիրիա` համակարգելով գործողությունները Թուրքիայի հետ:

«Մենք պետք է ավելին իմանանք այդ առաջարկության մասին…Մենք քննարկում ենք այն սաուդիտների հետ` պարամետրերը, նրանց մտադրությունները»,-ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ:

Քիրբին հիշեցրել է, որ ԱՄՆ-ն միշտ ողջունել է այլ երկների ավելի ակտիվ մասնակցությունը ԻՊ դեմ պայքարին: Սակայն նախկինում ցամաքային գործողության մասին խոսք չի եղել, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 4-ին ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «կան լուրջ հիմքեր կասկածելու, որ Թուրքիան պատրաստվում է ռազմական ներխուժման Սիրիայի տարածք»` նշելով ճշգրիտ հրետակոծությունները Լաթաքիայում, ինչպես նաև թուրքական տարածքում ՌԴ-ին դիտորդական թռիչքի իրականացման մերժումը:

Մինչդեռ հունվարի վերջում հայտնի դարձավ, որ Թուրքիան բանակի մեխանիզացված ստորաբաժանումներ է մտցրել Սիրիայի տարածք, որոնք բետոնե պատեր են կառուցում և խրամատներ են փորում` շարունակելով աջակցությունն ահաբեկիչներին: Հայտնի է նաև, որ Անկարան օգնում է օտարերկրացի գրոհայիններին հասնել Սիրիա, «ապաստան է տալիս նրան և բուժօգնություն տրամադրում Թուրքիայի տարածքում, որտեղ ահաբեկիչների նախապատրաստման հատուկ ճամբարներ կան»:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---