Սաուդյան Արաբիան հատուկ նշանակության ուժեր կուղարկի Սիրիա

Սաուդյան Արաբիան հատուկ նշանակության ուժեր կուղարկի Սիրիա

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան պատրաստ է հատուկ նշանակության ուժեր ուղարկել Սիրիա, հայտարարել է թագավորության ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը: Ավելի վաղ սաուդյան իշխանությունները խոսում էին Սիրիայում ցամաքային գործողությանն աջակցելու պատրաստակամության մասին:

Ալ Ջուբեյրը հայտարարել է, որ քննարկվում է Սիրիայում հնարավոր ցամաքային գործողության հարցը, հայտնում է Reuters-ը: Ըստ նրա, Սաուդյան Արաբիան պատրաստ է ԻՊ դեմ պայքարի համար հատուկ նշանակության ուժեր գործուղել:

«ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ցամաքային գործողությանը Սիրիայում մասնակցելու հարցը քննարկվում է: Եվ Սաուդյան Արաբիան պատրաստ է հատուկ նշանակության ուժեր գործուղել, եթե լինի այդպիսի գործողություն»,-ասել է նախարարը: Նա չի հստակեցրել, թե կոնկրետ որքան զինուժ կգործուղի Սաուդյան Արաբիան Սիրիա:

Ալ Ջուբեյրն այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպումից հետո, որի գլխավոր թեման Սիրիայի և Եմենի հակամարտություններն էին:

Փետրվարի 5-ին Սաուդյան Արաբիան հայտարարեց, թե պատրաստ է իր զորքերն ուղարկել Սիրիա ցամաքային գործողությանը մասնակցելու նպատակով` ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում: Այսպիսի հայտարարություն արեց երկրի պաշտպանության փոխնախարար Ահմեդ Ասերին: Բրիտանական Guardian-ն իր աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ Էր Ռիադը կարող է մի քանի հազար զինվորականների գործուղել Սիրիա` համակարգելով գործողությունները Թուրքիայի հետ:

Սաուդյան Արաբիայի հայտարարությունը կոշտ արձագանք է ստացել Դամասկոսում: Փոխվարչապետը և Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել էր, որ օտարերկրացի ագրեսորները, որոնք կներխուժեն Սիրիայի տարածք, «տուն կվերադառնան դագաղներում»: «Ցանկացած ցամաքային ներխուժում Սիրիա առանց Սիրիայի կառավարության համաձայնության կդիտարկվի որպես ագրեսիա»,-հայտարարել է նախարարը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---