Օհանյանը` զսպիչ մեխանիզմների, զինծառայողների աշխատավարձերի և սպառազինության մասին

Օհանյանը` զսպիչ մեխանիզմների, զինծառայողների աշխատավարձերի և սպառազինության մասին

PanARMENIAN.Net - Անվտանգության միջավայրն այսօր բավականին փխրուն է, փոփոխական և արագ կարող է փոխվել այս կամ այն կողմ, բայց ՀՀ Զինված ուժերը, բանակը կարողանում է իր պատրաստվածությամբ, զինծառայողների մարտական ոգու, բարոյահոգեբանական բարձր համակարգի շնորհիվ պահպանել հարաբերական խաղաղությունը: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ հանդիպմանը, հայտնում է Tert.am-ը:

«Մենք բազմաթիվ սպառնալիքներ ունենք: Բանակը կարողանում է այս զինված դիմակայության պարագայում ստեղծել այնպիսի զսպիչ մեխանիզմներ, որն ստիպում է հակառակորդին զերծ մնալ խոշորամասշտաբ գործողություներից, և մարտական գործողությունների վերածվելու հավանականությունը հավասարեցնել մինիմումի»,- ասել է Սեյրան Օհանյանը:

Նախարարը նշել է, որ բանակն ապացուցում է իր անընդհատ կատարելագործվելու ունակությունը և իր առաջ դրված խնդիրը կատարում է բարձր մակարդակով: Նա ներկայացրել է 2015 թվականի ձեռքբերումները, որոնք ամփոփված են 2016 թվականի իր անձնական ուղերձի մեջ, որը կոչվում է «Առաջարկիր քննարկենք, միասնաբար որոշենք»։

Սեյրան Օհանյանը նշել է, որ բանակում արգելել է օգտագործել երկու արտահայտություն, առաջինը ասել՝ բանակը հասարակության հայելին է, քանի որ կարծում է, որ դրանով, կարծես, արդարացնում են այն դեպքերը, որոնք մերթընդմերթ լինում են բանակում, իսկ երկրորդն արգելել է ասել, թե բոլոր բանակներում էլ այդպիսի դեպքեր լինում են: Անդրադառնալով զինծառայողների աշխատավարձերի բարձրացման հարցին` Սեյրան Օհանյանն ասել է, որ ԶՈՒ յուրաքանչյուր աշխատավարձի փոփոխություն իրականացվում է հանրապետության ընդհանուր աշխատավարձերի քաղաքականության շրջանակներում, սակայն քանի որ նրանց առաջ առանձնահատուկ խնդիրներ են դրված, նախատեսվում է համապատասխան աշխատավարձի բարձրացում:

Ինչ վերաբերում է սպառազինության հարցերին, ապա նախարարն ասել է, որ այդ հարցերը որոշակի գաղտնիություն են պարունակում, սակայն կոչ է արել, որ հասարակությունը վստահ լինի, որ Զինված ուժերի ղեկավարությունն ու պետության ղեկավարությունը առավել քան հետևողական են այդ ուղղությամբ աշխատանքներ տանում: «Պատերազմով անցած մեր բոլոր ղեկավարները դրա անհրաժեշտությունը գտնում են և այդ ուղղությամբ հետևողական աշխատում ենք: Վստահեք մեր ղեկավարությանը և ԶՈՒ ղեկավարությանը»,- ասել է նա:

Նախարարն ասել է նաև, որ աշխատանքներ են իրականացվում բանակ-հասարակություն կապի ամրապնդման ուղղությամբ, և բանակը քաղաքացիական ժողովրդավարական վերահսկողության տակ է գտնվում:

Նախարարը նշել է, որ սահմանում իրավիճակը վերահսկվում է, լարվածությունը թուլացել է` 2016-ի ընթացքում մի քանի անգամ լարվածությունը բարձրացել է, կրակոցներ եղել են, բայց այս օրերին լարվածությունն իջել է: «Տավուշի մարզում կրակոցները մի քիչ շատացել են, տեղի հրամանատարությունը այն վերահսկողության կենտրոնում է պահում: Այնտեղ մենք համապատասխան միջոցներ ձեռնարկում ենք՝ զսպման միջոցառումներ իրականացնելու համար»,-նշել է նախարարը, հայտնում է Panorama.am-ը:

Անդրադառնալով սահմանային լարվածության վերաբերյալ ՀԱՊԿ-ի արձագանքին՝ նախարարն ասաց. «Մեր ակնկալիքներն այն են, որ այսուհետ, երբ հակառակորդի կողմից խախտումները պարբերական են դարձել, պահպանվեն համապատասխան միջազգային նորմերը: Առաջին հերթին վստահության մեխանիզմներ ձևավորվեն, որի կետերից մեկը միջազգային հետաքննության անցկացումն է»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իրենք միշտ էլ դրա մասին հորդորել են համանախագահող երկրներին և այսօր ասում են նաև ՀԱՊԿ-ին՝ գնահատականները, քննադատությունները թիրախավորված լինեն այն կողմի նկատմամբ, որը որ խախտում է կատարում:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:

Հունվարի 31-ից փետրվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 տիպի նռնականետից, ինչպես նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 5600 կրակոց:

«Մենք 102-րդ ռազմաբազայի հետ համագործակցում ենք, 102-րդ ռազմաբազան մտնում է միացյալ զորախմբի կազմի մեջ և մեր համագործակցության շրջանակներում մենք անընդհատ աշխատանքներ ենք տանում»,-ասել է Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորներն արդեն երկրորդ անգամ ահաբեկում են գյումրեցիներին և արդյո՞ք կարգուկանոն հաստատելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

Նախարարը հավելել է նաև, որ աշխատանքներ են տանում նաև տեղի բնակչության հետ կապի ամրապնդման առումով: «Եթե լինում են խախտումներ, այդ խախտումները պետք է իրենց պատասխանը ստանան: Հրամանատարական կազմում տեղի ունեցած փոփոխությունները նաև կատարվել են դրա համար, որ դեռևս գոյություն ունեցող այդ տիպի թերությունները վերացվեն»,-եզրափակել է Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Սարսանգի ջրամբարի հարցին` Օհանյանը նշել է, որ ՀՀ քաղաքական ուժերը համապատասխան աշխատանք իրականացրել են, որպեսզի ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերը չանցնեն: «Եթե այս փաստաթղթերը կողմնակալ չլինեին, չարտահայտեին Ադրբեջանի քաղաքական ուժերի տեսակետը, ապա նույն Սարսանգի ջամբարի հետ կապված հարցերում նրանք կընդառաջեին ԼՂՀ նախաձեռնողականությունը, որ տարբեր ժամանակներում արտահայտվել է՝ կան համապատասխան պոմպակայններ, ջրագծեր և պետք է համատեղ վերանորոգել և օգտագործել, նրանք հրաժարվել են »,-ասել է նախարարը:

Ըստ Օհանյանի՝ Սարսանգի ջրամբարի հետ կապված ԼՂՀ ղեկավարությունն ամեն ինչ անում է իր հնարավորության սահմաններում՝ ապահովելով գոյություն ունեցող բոլոր միջազգային նորմերը: «Որքան էլ մեզ կողքից հարվածում են, մենք պետք է գոտեպնդվենք և հետևություններ անենք»,-հավելել է նախարարը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---