Իրաքի զինուժը հսկողություն է հաստատել Էր Ռամադիի արևելյան մասում

Իրաքի զինուժը հսկողություն է հաստատել Էր Ռամադիի արևելյան մասում

PanARMENIAN.Net - Իրաքի զինված ուժերն իրենց լիակատար հսկողության տակ են վերցրել Անբար գավառի ռազմավարական նշանակության Էր Ռամադի քաղաքի արևելայն մասը, հայտնել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը: Ըստ ստացված տվյալների, գործողության արդյունքում ոչնչացվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տասնյակ անդամներ: Այժմ մարտերը շարունակվում են Հասեյբա արվարձանում:

Իրաքի զինված ուժերում կորուստների մասին տվյալներ չեն հրապարակվել, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

2015-ի վերջում Իրաքի զորքերն ազատագրեցին «Իսլամական պետության» գրոհայիններից Ռամադիի նախկին կառավարական համալիրը, որտեղ գտնվում էր գրոհայինների հենակետը: «Հաջորդ քայլը կլինի դիմադրության լոկալ օջախների չեզոքացումը, որոնք դեռ կարող են լինել քաղաքում»,-այն ժամանակ հայտարարել էր Իրաքի ԶՈւ ներկայացուցիչ Սաբահ ալ Նումանին:

Ռամադիի գրավումը 2014-ից ի վեր իրաքյան զինված ուժերի ամենամեծ հաջողություններից մեկն է համարվում:

«Իսլամական պետություն» խմբավորումը, որը մինչև վերջերս կոչվում էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ISIS), իրաքյան սունիների ապստամբ խմբերի գլխամասային կազմակերպությունն է, որը ստեղծվել է 2006 թ. հոկտեմբերի 15-ին: Խմբավորումը իշխանության հավակնություններ ունի 18 իրաքյան գավառներից 8-ում, որտեղի բնակչությունը հիմնականում սունիներ են:

2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---