USAID-ն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդիրներին ուղղված նոր ծրագիր է սկսում

USAID-ն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդիրներին ուղղված նոր ծրագիր է սկսում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի խնդիրներին ուղղված նոր ծրագիր է սկսում: ԱՄՆ ՄԶԳ-ն (USAID) փետրվարի 10 մեկնարկել է «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրը: Եռամյա այս ծրագիրը միտված է նվազեցնելու Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ջրառի ծավալները ու ապահովելու ռեսուրսների կայուն պահպանությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունը, ի թիվս այլ աշխատանքների, ծրագրի ընթացքում կիրականացվի Արարատյան դաշտում առկա հորերի և ջրաղբյուրների գույքագրում, կստեղծվի հանրության համար հասանելի տվյալների համակարգ, կտեղադրվի ջրառի ծավալի ավտոմատ վերահսկման համակարգ ընտրված 10 ձկնաբուծարաններում, և կփորձարկվեն ջրի և էներգիայի արդյունավետ օգտագործման նոր տեխնոլոգիաներ: ՀՀ կառավարությանը կներկայացվեն առաջարկություններ ձկնաբուծության նպատակով ռեսուրսավճարի օպտիմալ դրույքաչափերի սահմանման, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվությունների տրման և վերահսկողության գործընթացների հզորացման նպատակով:

Ջրի պակասությունը սպառնում է երկրի գյուղատնտեսական ոլորտին, նշված մարզերի սոցիալ-տնտեսական և բնապահպանական վիճակին, ինչպես նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգությանը, որի հովացման համակարգի համար օգտագործվում են ստորերկրյա ջրաղբյուրները: Չնայած վերջին ժամանակաշրջանում ՀՀ կառավարության կողմից Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման կարգավորման նպատակով ձեռնարկված մի շարք միջոցառումներին՝ իրավիճակը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում:

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ վերջերս իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրությունը ընդգծել է ստորերկրյա ջրային պաշարների կրճատման հետ կապված մտահոգիչ իրավիճակը: Ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման և ձկնաբուծարանների կողմից արտեզյան ջրերից չկարգավորված ջրառի հետևանքով Արարատի և Արմավիրի մարզերի մոտ 30 համայնք մնացել է առանց խմելու և ոռոգման ջրի:

Ծրագիրը կաջակցի կառավարությանը քաղաքականության մշակման և տեխնիկական լուծումների կիրառման գործում՝ կենսական կարևորություն ունեցող ստորերկրյա ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով: Ծրագիրը լուծելու է ստորերկրյա ջրերին վերաբերող առկա տվյալների թարմացման, որոշումների կայացման գործիքների մշակման, համապատասխան կառույցների մասնագիտական կարողությունների հզորացման, ջրային և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև իրավակիրարկման մեխանիզմներին առնչվող բացերի վերացման խնդիրները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---