ԵՄ զեկույց. Փախստականների հոսքը զգալի նվազել է՝ հունվարին կազմելով օրական 2.000 մարդ

ԵՄ զեկույց. Փախստականների հոսքը զգալի   նվազել է՝ հունվարին կազմելով օրական 2.000 մարդ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը (ԵՄ) դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հոսքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնող իր առաջին զեկույցն է հրապարակել:

Հաշվետվությունում ներկայացված տվյալները վկայում են, որ փախստականների հոսքը վերջին ամիսներին զգալիորեն նվազել է, բայց դեռ շարունակում է բավականին մեծ թիվ կազմել, Zaman-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում փախստականների մուտքը Եվրոպա կանխարգելելու և նրանց Թուրքիայում պահելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 29-ին Թուրքիայի և ԵՄ-ի կողմից համատեղ ստորագրված «Գործողությունների նախագծին»:

Նշվում է սակայն, որ Բրյուսելը փախստականների խնդրի լուծման հարցում դեռևս չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր: ԵՄ-ը քննադատվում է այն բանի համար, որ դեպի Եվրոպա գաղթականների հոսքը կանխարգելելու նպատակով «կեղտոտ առևտրի» մեջ է մտել հետզհետե ավելի ավտորիատար դարձող Էրդողանի հետ և աչք է փակում ժողովրդավարական խնդիրների վրա:

Նշյալ հաշվետվության համաձայն՝ 2015թ. հոկտեմբերին գրացվել է Թուրքիայից Հունաստան փախստականների անցումների ամենամեծ թիվը: Օրական Հունաստան է տեղափոխվել մոտավորապես 7.000 սիրիացի, իսկ ամբողջ ամսվա համար ցուցանիշը կազմել է մոտ 200.000:

Գաղթականների հոսքը հաջորդող ամիսների ընթացքում զգալիորեն նվազել է՝ 2016թ. հունվարին կազմելով ընդամենը 2.000 մարդ օրական կամ 60.000 ամսական: Այդուհանդերձ, նշյալ ցուցանիշը դեռևս շարունակում է մեծ խնդիր լինել Եվրոպայի համար: Ըստ հաշվետվության՝ ողջ 2015թ. ընթացքում ընդհանուր առմամբ Եվրոպա է ներգաղթել մոտ 880.000 փախստական:

Ավելի վաղ ՄԱԿ փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը պահանջել էր Թուրքիայից բացել սահմանը Սիրիայից եկող բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք միջազգային պաշտպանության կարիք ունեն:

Կարդացեք նաև՝ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում բացել սահմանները սիրիացի փախստականների համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---