12 փետրվարի 2016 - 12:27 AMT
ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը դատապարտել է ծանր տեխնիկայի կիրառումը շփման գծում

ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի աշխատել կողմերի հետ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար` միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ և Հելսինկյան եզրափակիչ ակտի կանոնադրության հիման վրա: Այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական պատվիրակության ղեկավար Դանիել Բայերը ԵԱՀԿ մշտական խորհրդում ելույթի ժամանակ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Բայերը ափսոսանքով է նշել, որ վերջին ամիսներին աճել են բռնության դեպքերը շփման գծում և Ադրբեջան- Հայաստան սահմանին: «ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն այդ առնչությամբ և դատապարտում է ականանետերի և այլ ծանր տեխնիկայի կիառում, որի հետևանքով զոհեր են լինում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք սատարում ենք հակամարտության կողմերին ուղղված համանախագահների կոչին բնռության նվազման և մարդկանց պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ստատուս քվոն անթույլատրելի է և անընդունելի: Մենք ևս մեկ անգամ դիմում ենք կողմերին և ասում, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

ԱՄՆ-ն սատարում է համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են կառուցվածքային բանակցությունների անցկացմանը, որոնք խթանում են երկխոսության ակտիվությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև և օգնում են առաջընթաց գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին»:

Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց:

Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: