IBM Watson տեխնոլոգիաները մուտք են գործում ՀՀ

IBM Watson տեխնոլոգիաները մուտք են գործում ՀՀ

PanARMENIAN.Net - Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ համատեղ Երևանում տեղի է ունենցել Watson Day Yerevan 2016 միջոցառումը, որի կազմակերպիչներն էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը:

Watson Day Yerevan 2016-ի ընթացքում ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը ներկայացրել է IBM Watson և IBM BlueMix համակարգերը, ինչպես նաև քննարկվել են բիզնես-մոդելներ, որոնք, օգտագործելով նշված համակարգերը, մեծ հաջողություններ են գրանցել իրենց բիզնեսի զարգացման հարցերում:

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի տարբեր կազմակերպությունների գործարար ղեկավարներ, տեխնիկական մասնագետներ, ֆինանսական վերլուծաբաններ, առողջապահության ոլորտի մասնագետներ, սոցիալական ճյուղի գիտնականներ և այլն:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ, փետրվարի 8-11-ը Երևանում իրականացվել են արագացված դասընթացներ՝ IBM Watson համակարգի ուղղվածությամբ: Դասընթացները վարել է նշված ոլորտում առաջատար մասնագետ, ԱՄՆ IBM Watson փորձագետ Արմեն Փիսչդոտչյանը:

Տարածաշրջանում առաջինը մեր երկրում կստեղծվի IBM Watson էկոհամակարգ՝ կիրառելով նշված տեխնոլոգիաները համալսարանական առարկաների ցանկում և խթանելով տվյալ ուղղությամբ սթարթափերի աքսելերացիան:

Դասընթացին ներգրավված էին դասախոսներ հայաստանյան տարբեր բուհերից և ոլորտի այն փորձագետները, ովքեր աշխատում են և մասնագիտացած են մեծ տվյալների վերլուծությունների, կոգնիտիվ տեխնոլոգիաների, տվյալների կառավարման գիտությունների ոլորտներում: Վերջիններս կհանդիսանան IBM Watson համակարգի գիտելիքային սուրհանդակներ, ովքեր կփոխանցեն իրենց մասնագիտական հմտությունները ուսանողներին և հետաքրքրված մասնագետներին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---