Զախարյան. Նախատեսվում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել մինչև 2027 թ.

Զախարյան.  Նախատեսվում է ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել մինչև 2027 թ.

PanARMENIAN.Net - Աշխատանքներ են տարվում ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2027թ. երկարացնելու ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Յան Մլադեկի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ այդ նպատակով Ռուսաստանի Դաշնությունից ներգրավվել են վարկային և դրամաշնորհային միջոցներ։

Հանդիպման ժամանակ Երվանդ Զախարյանը ներկայացրել է Հայաստանի էներգետիկ համակարգի կառուցվածքը և զարգացման ուղիները։

Խոսելով ատոմային էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի մասին` նախարարը նաև նշել է՝ դրան զուգահեռ, Հայաստանը պատրաստվում է մինչև 2027թ. կառուցել նոր միջուկային էներգաբլոկ՝ 600 մեգավատ հզորությամբ։

Սպասվում է երկու նոր ջերմային կայանների կառուցում՝ Երևանում և Վանաձորում։

Անցած տարվա վերջին ընդունված էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036թ. ռազմավարական ծրագրի շրջանակներում նախատեսվում են էներգետիկ հզորությունների ավելացում նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում։

Ե. Զախարյանը պատրաստակամություն է հայտնել օժանդակել հայ-չեխական գործարար հարաբերությունների զարգացմանը՝ ինչպես էներգետիկայի, այնպես էլ ընդերքի ոլորտում։

Էներգետիկ ոլորտում հայ-չեխական գործակցությունը հաջողությամբ ընթանում է հատկապես ատոմային էներգետիկայի բնագավառում։ Կողմերը հույս են հայտնել, որ դա կշարունակվի նաև հետագայում։ Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ էներգետիկ ոլորտում հայ-չեխական համագործակցության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման նոր հնարավորությունները քննարկելու նպատակով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Հայաստանը մտադիր էր կառուցել ԱԷԿ–ի մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար կպահանջվեր մոտ $5 մլրդ: Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է սկսել 2018–2019-ին, ԱԷԿ–ի 2-րդ էներգաբլոկի վերակառուցումը կսկսվի 2017-ի գարնանը և կտևի մոտ կես տարի։ Այժմ գործում է միայն այդ բլոկը՝ 407.5 Մբթ հզորությամբ, որը շահագործման է հանձնվել 1980-ին՝ 30 տարի շահագործման նախագծային ժամկետով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2-րդ էներգաբլոկը 1989–1995 թվականներին չի աշխատել՝ շահագործման ժամկետի ավարտը սահմանվել է 2026-ի սեպտեմբերը:

Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարացման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրի շրջանակներում։ Ռուսաստանը կտրամադրի այդ նպատակների համար ընդհանուր 270 միլիոն դոլար միջպետական վարկ և 30 մլն դոլար դրամաշնորհ։ ՀԱԷԿ-ի վերակառուցումը կմեկնարկի 2017-ի գարնանը և մոտ կես տարի կտևի: ՌԴ-ն նաև հայտարարել է, որ պատրաստ է տրամադրել նոր բլոկի կառուցման համար անհրաժեշտ գումարի մի մասը` սարքավորումների տեսքով: Մյուս միջոցները նախատեսվում է ներգրավել տարբեր երկրների ֆինանսական աջակցության միջոցով:

Կարդացեք նաև. ՋԷԿ-երի համար գումար կա, ԱԷԿ-ի համար՝ ոչ

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---