Արոնյանի առաջին հանդիպումը Ցյուրիխում կլինի Անանդի հետ

Արոնյանի առաջին հանդիպումը Ցյուրիխում կլինի Անանդի հետ

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Ցյուրիխում մեկնարկում է Zurich Chess Challenge շախմատի գերմրցաշարը, որին մասնակցում է նաև գրոսմայստեր Լևոն Արոնյանը, հաղորդում է Հայաստանի շախմատի ակադեմիան։

Փետրվարի 12-ին կայացել է առաջնության վիճակահանությունը. այն անցկացվեց կայծակնային մրցաշարի տեսքով, և ըստ գրանցված հորիզոնականների` յուրաքանչյուր մասնակից հիմնական մրցաշարում ստացավ այն համարը, որ հորիզոնականը նա զբաղեցրեց այս մրցաշարում, հայտնում է Sputnik.ru-ն։

Բլիցի հաղթող է դարձել ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը 5 հնարավորից վաստակեց 3.5 միավոր: Լևոն Արոնյանը 2 միավորով գրավեց 5-րդ տեղը: Առաջնությանը մասնակցում է վեց գրոսմայստեր:

Առաջին տուրում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, երկրորդ տուրում՝ աշխարհի նախկին չեմպիոն, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: Հաջորդ օրը հայ գրոսմայստերի մրցակիցները կլինեն հոլանդացի Անիշ Գիրին ու Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովը: Փետրվարի 15-ին կայանալիք վերջին տուրում Լևոն Արոնյանը կխաղա ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ:

Մրցաշարը անցկացվելու է երկու շրջանով: Առաջինում մրցակիցները միմյանց դեմ կմրցեն, ինչպես կազմակերպիչներն են նշում «նոր դասական» ժամակարգով, որտեղ կողմերին կտրվի 40 րոպե պարտիայի համար (յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով), իսկ երկրորդ շրջանը կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով:

Լևոն Արոնյանը հայ ուժեղագույն շախմատիստ է, 2005-ի շախմատի աշխարհի առաջնության գավաթակիր, Շախմատային երեք օլիմպիադաների (2006, 2008, 2012), Լինարեսի (2006) և Վեյկ ան Զեեի սուպերմրցաշարերի (2007, 2008, 2012 և 2014), ՖԻԴԵ 2008/2009 Գրան պրիի, Բիլբաոյի Մեծ սաղավարտի (2009, 2013), «Ամբերի» (2008, 2009, 2011), 2009-ի արագ շախմատի աշխարհի մրցաշարի հաղթող է, Ֆիշերի շախմատի աշխարհի մրցաշարի երկակի չեմպիոն է (2008, 2009), բլիցի աշխարհի չեմպիոն (2010)։ ՀՀ կազմում Շախմատի աշխարհի ութերորդ թիմային առաջնության հաղթող 2011-ին։

Հայ գրոսմայստերը կմասնակցի 2016-ի մարտի 10-ից 30-ը կայանալիք հավակնորդների մրցաշարին։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---