23 փետրվարի 2016 - 14:25 AMT
Իրանի մեջլիսում իրանահայ համայնքը 2 տեղ ունի

Իրանի Մեջլիսում իրանահայ համայնքը երկու տեղ ունի: Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 9 հայ թեկնածու, ընթացքում այդ թիվը հասել է 8-ի: Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին ասել է իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Իրանի 10-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները կայանալու են փետրվարի 26-ին:

Ընտրություններին մասնակցելու իրավունք է ստացել 6.230 թեկնածու, որոնք կպայքարեն խորհրդարանի 290 մանդատի համար:

Իրանագետը տեղեկացրել է, որ թեկնածուներից մեկն ընտրվում է հյուսիսի և Թեհրանի տեղի համար, մյուսը՝ հարավի և Սպահանի:

Հարավի և Սպահանի տեղի համար երեք թեկնածու էին առաջադրվել, սակայն Վրեժ Տեր-Մարտիրոսյանն ինքնաբացարկ է հայտարարել:

Իսկանդարյանի խոսքով՝ հաղթելու բավականին լուրջ հնարավորություն ունի Ժորժիկ Աբրահամյանը, ով արդեն եղել է պատգամավոր, համայնքը հիշում է նրա առաջ քաշած օրինագծերը, որոնք կյանքի էին կոչվել, գրում է Panorama.am-ը:

Հյուսիսի և Թեհրանի տեղի համար չորս թեկնածու է պայքարում: Իրանագետի խոսքով, մեծ շանսեր ունի Կարեն Խանլարյանը, ով այսօր էլ պատգամավոր է, բավականին արդյունավետ գործունեություն է ծավալում: Նրա թեկնածությունը պաշտպանում է ՀՅԴ-ն:

«Հայ թեկնածուները հիմնականում վեր են հանում հայ համայնքի խնդիրները, ներկայացնում դրանք Մեջլիսում, փորձում ներքին խողովակներով հասնել դրանց լուծմանը»- ասել է Իսկանդարյանը:

Իրանագետը տեղեկացրել է, որ նախապես 12.000-ից ավելի քաղաքացի մասնակցության հայտ էր ներկայացրել, սակայն Իրանի ներքին գործերի նախարարությունը զտել է և թույլ տվել ընտրություններին մասնակցել 6.230 թեկնածու: Հիմնական պայքարը կընթանա պահպանողական և բարեփոխական թևերը ներկայացնող կուսակցությունների և դաշինքների միջև:

Իսկանդարյանը նշել է, որ Իրանի նախագահը, հոգևոր առաջնորդն արդեն կոչով դիմել են ժողովրդին՝ ակտիվորեն մասնակցել ընտրություններին՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ժողովուրդը համակարծիք է հոգևոր իշխանության, կառավարության հետ: