Մարդասիրական օգնության տարանցումը պարզեցնող համաձայնագիր՝ ՀՀ ու ՄԱԿ-ի միջև

Մարդասիրական օգնության տարանցումը պարզեցնող համաձայնագիր՝ ՀՀ ու ՄԱԿ-ի միջև

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն փետրվարի 26-ին ստորագրել են «ՀՀ կառավարության և Միավորված ազգերի կազմակերպության միջև աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ մարդասիրական օգնության բեռների ու մարդասիրական օգնություն իրականացնող անձնակազմի գույքի ներմուծումը, արտահանումը և տարանցումը պարզեցված կարգով կազմակերպելու մասին» համաձայնագիր:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի (UNOCHA) Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարսել Վասսենը:

Փաստաթուղթը տիպական մաքսային համաձայնագիր է: Այն թույլ է տալիս աղետների դեպքում փրկարարական թիմերին արագ անցկացնել իրենց գույքը կարիքավոր երկրի սահմանից ներս: Աղետի դեպքում, ՀՀ ԱԻ նախարարությունը որպես իրավասու գերատեսչություն, պետք է մարդասիրական օգնություն ցուցաբերող ուժերի համար ապահովի գույքի և սարքավորումների արագացված և պարզեցված ռեժիմով ներկրում ու արտահանում:

Բուզետտոն կարևորել է այս փաստաթղթի ստորագրումը՝ ընդգծելով, որ Հայաստանն այսուհետ պատրաստ է միջազգային ցանկացած աղետի դեպքում ուղարկել արագ արձագանքման իր ուժերը անհամեմատ դյուրացված կարգով:

«Հայաստանը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո դարձել է ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի առաջատար պետություններից մեկը` արտակարգ իրավիճակների ոլորտում պատրաստվածության տեսանկյունից: Սրա համար Հայաստանն արժանի է մեծ գովասանքի և ճանաչման, քանի որ այն այժմ դասվում է աշխարհի տասը բարձրակարգ պետությունների շարքին, որոնք ունեն նման համաձայնագիր և օգտվում են մարդասիրական օգնության տրամադրման ու ստացման պարզեցված կարգից: Սա նաև շնորհիվ նախարար Ա. Երիցյանի առաջնորդության և ձեր բոլորի համատեղ ջանքերի», - նշեց նա:

UNOCHA-ն ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին: Նրա նպատակը արտակարգ իրավիճակներին և բնական աղետներին համապարփակ արձագանքման ՄԱԿ-ի համակարգի հզորացումն է: Այն միջգործակալական մարմին է և ծառայում է ՄԱԿ-ի գործակալություններին ու հասարակական կազմակերպություններին մարդասիրական հարցերում՝ աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---