29 փետրվարի 2016 - 10:58 AMT
Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Թուրքիան խախտում է հրադադարը

Սիրիայում հաստատված հրադադարի ամենալուրջ խախտումները տեղի են ունենում Թուրքիայի կողմից, իսկ հիմնականում այն պահպանվում է: Այդ մասին Sputnik գործակալությանն է հայտնել «Ժողովրդական կամք» կուսակցության քարտուղար, Հանուն հրադադարի և ազատագրման ճակատի ղեկավարության անդամ Քադրի Ջամիլը:

«Սիրիայում հաստատված հրադադարի ամենալուրջ խախտումները տեղի են ունենում երկրի հյուսիսում` Թուրքիայի հետ սահմանին: Հրադադարի խախտումները տեղի են ունենում Թուրքիայի կողմից: Մնացածը` առանձին դեպքեր են, ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին է»,-հայտարարել է Քադրի Ջամիլը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա:

Հրադադարն ուժի մեջ մտնելու նախօրեին ՌԴ ԱԳՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրեց, որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը կասեցնելու մասին խոսք լինել չի կարող: «Այն խմբավորումները, որոնք չեն հայտարարի հրադադարը պահապնելու պատրաստակամության մասին, բնականաբար, չեն լինի հրադադարի ազդեցության տակ»,-հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նույն դիրքորոշումը հաջորդ օրը հայտնեց նաև ՌԴ նախագահ Պուտինը: