Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

Ֆրանսիայում  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 26-ին Ֆրանսիայի Էքս Ան Պրովանս քաղաքի կենտրոնական պուրակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որին հաջորդել է օրհնության ու օծման կարգ՝ Հայ առաքելական և ֆրանսիական կաթողիկե եկեղեցիների քահանաների ձեռամբ։

Խաչքարի բացումը հնարավոր է դարձեօ Էքս Ան Պրովանսի քաղաքապետարանի, տեղական հայկական համայնքի, «Հայս կլուբ» կազմակերպության միասնական ջանքերի շնորհիվ` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը,Բուշ դյու Ռոն շրջանի փոխպրեֆեկտ Սերժ Գութեյրոնը, Էքս Ան Պրովանսի քաղաքապետ Մարիզ Ժուասան Մասինին, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրյալներ, շրջանային, տարածքային և մունիցիպալ մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, լրագրողներ:

Էքս Ան Պրովանսի քաղաքապետն իր խոսքում նշել է, որ խաչքարի կանգնեցման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին 1915-ին հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության մասին իրազեկելն է:

«Հայս Կլուբ» կազմակերպության նախագահ Միշել Տեր-Գևորգյանն իր ելույթում շնորհակալություն է հայտշվել քաղաքապետին խաչքարի տեղադրման առթիվ` նշելով վերջինիս հետևողական հայամետ գործունեությունը: Դեսպան Վիգեն Չիտեչյանն իր ելույթում անդրադարձել է հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին, հայ համայնքի և Էքս Ան Պրովանսի տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին, որի արդյունքներից է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացումը՝ նշելով, որ ցանկացած խաչքարի, հուշարձանի և ընդհանրապես պատմության էջերը հիշատակող և լուսաբանող կառույցների առկայությունն ապագա սերունդներին դաստիարակելու և ոգեկոչելու ամենագլխավոր միջոցներից է:

Միջոցառման ավարտին «Մասիս» նվագախմբի կատարմամբ հնչել է ֆրանսիական և հայկական ազգային երաժշտություն: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է տեղական լրատվամիջոցների կողմից։

2011թ. դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևն ընդունվեց Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի:

Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

2014-ին ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն ներկայացրեց 20-րդ դարում մարդկության դեմ գործած ոճրագործությունների ու ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ: Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն միայն Հոլոքոսթի ժխտումն է պատժելի:

Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը նաև գործող նախագահ Օլանդի նախընտրական խոստումներից է:

Հունվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի հրավիրած ընթրիքի ընթացքւմ նախագահ Ֆրանսուա Օլանդը վերակենդանացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի գաղափարը:

Ֆրանսահայ անկախ լրագրող Ժան Էքյանի տեղեկություններով՝ Օլանդը նշել է, թե ինքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Ժան-Պոլ Կոստային վստահեցրել է, որ օրենսդրության նման վերանայումը թույլ կտա պաշտպանել Հայոց ցեղասպանության հիշատակը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---