ՀՀ-ում Էկոտուրիզմի փառատոն կանցկացվի. Ձիարշավներ, ժայռամագլցում, հեծանվավազք, յոգա

ՀՀ-ում Էկոտուրիզմի փառատոն կանցկացվի. Ձիարշավներ, ժայռամագլցում, հեծանվավազք, յոգա

PanARMENIAN.Net - Հունիսի 4-5-ը Հայաստանում տեղի կունենա էկոտուրիզմի առաջին փառատոնը: Այդ մասին լրագրողներին է հայտնել «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Գալստյանը, փոխանցում է ԱՌԿԱ գործակալությունը:

Ըստ նրա, փառատոնը կանցնի Վայոց ձորի երկու համայնքում` Գոմք և Մարտիրոս, փառատոնի նպատակն է աջակցությունը համայնքների զարգացմանն ու էկոտուրիզմին, ինչպես նաև հանրային իրազեկվածության բարձրացումը:

«Մենք ջանացել ենք համախմբել շուկայի մասնակիցներին փառատոնի միջոցով` առավել մատչելի ու բազմապրոֆիլ դարձնելով էկոտուրիզմի կուլտուրան»,-ասել է Գալստյանը: Նա նշել է, որ փառատոնի շրջանակում նախատեսվում է քայլերթերի և ձիարշավների կազմակերպում հատուկ մշակված երթուղիներով, շայռամագլցում, սպորտային հեծանվավազքի մրցույթ, թռչունների դիտարկում, լուսանկարչական ցուցահանդես` նվիրված Կարմիր գրքում ընդգրկված տարածաշրջանի ֆլորային և ֆաունային, յոգա:

Նա նշել է, որ բոլոր զբոսաշրջիկները փառատոնի շրջանակում ապրելու են հատուկ վրանային ավանում (100-120 վրան), որտեղ երեկոյան ժամերին կանցկացվեն դասախոսություններ առաջին բուժօգնության, կենսաբազմազանության պահպանման, արշավների ժամանակ անվտանգության և փոխօգնության մասին:

«Մենք արդեն նախապատրաստական աշխատանքներ ենք տանում, հարմարեցվում են ենթակառուցվածքները, այդ թվում հետիոտն և հեծանվային լեռնային արահետները, նախատեսվում է աջակցել տեղական բիզնեսի զարգացմանը, մասնավորապես, ձիաբուծությանը, ինչպես նաև գյուղացիների տների հարմարեցմանը զբոսաշրջիկների ընդունման և B&B համակարգի կազմավորման համար»,-ասել է Գալստյանը:

Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի փոխնախագահ Սարգիս Աղայանն իր հերթին նշել է, որ տարածաշրջանը պատահական չէր ընտրվել, քանի որ հենց այդ տարածքներն են կարևոր կենսաբազմազանության պահպանման համար և բնապահպանական միջանցք են հանդիսանում տարբեր կենդանիների համար, որոնք ընդգրկված են Կարմիր գրքում, այդ թվում հայկական մուֆլոնի, կովկասյան հովազի, բեզոարյան այծի համար:

Աղայանը հավելել է նաև, որ տարածաշրջանը հարուստ է տարբեր պատմամշակութային հուշարձաններով, այդ թվում խաչքարերով, կա նաև վիմափոր եկեղեցի:

«Զբոսաշրջիկները կկարողանան զգալ իրենց որպես վայրի բնության մաս, հանդիպել վայրի կենդանիների»,-ասել է Աղայանը:

Ըստ նրա, ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի մոտ 500 զբոսաշրջիկ, որոնք կայցելեն տարածաշրջան Հայաստանում շրջագայության ընթացքում: Նախատեսվում է նաև յուրօրինակ ցուցահանդես-վաճառք կազմակերպել` կտեղադրվի 20-30 տաղավար, որտեղ ներկայացված կլինեն տեղական արտադրության մթերքն ու ապրանքները, ինչպես նաև այն կառույցները, որոնք ակտիվորեն զբաղվում են էկոտուրիզմով Հայաստանում:

Ակնկալվում է, որ փառատոնն ավանդական կդառնա և կընդգրկի նաև այլ մարզեր:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---