ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատն ապրիլը Ցեղասպանության մասին իրազեկման ամիս է ճանաչել

ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատն ապրիլը Ցեղասպանության մասին իրազեկման ամիս է ճանաչել

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Սենատն ընդունել է թիվ 991 բանաձևը, որով «2016-ի ապրիլը ճանաչվել է որպես ցեղասպանության մասին իրազեկման և կանխարգելման ամիս», հայտնում է Ամերիկայի Հայկական համագումարը:

Բանաձևում ասվում է, որ «շրջանառության մեջ դնելով «ցեղասպանություն» եզրույթը, Ռաֆայել Լեմկինը հետազոտել է հայ բնակչության և այլ քրիստոնյա համայնքների բռնի ուծացման, բռնագաղթի և բնաջնջման փաստերը` նշելով 1939 թվականի Հիտլերի հայտնի արտահայտությունն այն մասին, թե ով է հիմա հիշում հայերի ջարդերի մասին»:

«Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել և միասնական լինել Ջորջիա նահանգի Սենատի անդամների հետ` ապրիլը որպես ցեղասպանության մասին իրազեկման ամիս ճանաչելու գործում»,-ասել է Ջորջիա նահանգի Հայկական համագումարի նախագահ Վահան Քասաբյանը, որը ներկա է եղել օրինագծի ընդունմանը: «Բանաձևին սատարել են երկու կուսակցությունները, մենք ընդլայնելու ենք մեր ջանքերն` ուղղված Ցեղասպանության ճանաչմանն ու իրազեկմանը մարդու իրավունքների վերաբերյալ մեր կրթական ծրագրում»,-հավելել է Քասաբյանը:

Բանաձևը որպես ցեղասպանության փաստեր հղում է անում եվրոպացի հրեաների հոլոքոսթին, Կամբոջայի, Բոսնիայի, Իրաքի, Ռուանդայի, Սուդանի ցեղասպանություններին, ինչպես նաև «Իսլամական պետության» գործողություններին Սիրիայում և Իրաքում:

2015-ին ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին` ընդունելով H.R. 904 բանաձևը, որով ապրիլի 24-ը նահանգում հայտարարվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---