Վրաստանում կրոնական հողի վրա ծեծկռտուք է եղել մահմեդականների և ուղղափառների միջև

Վրաստանում կրոնական հողի վրա ծեծկռտուք է եղել մահմեդականների և ուղղափառների միջև

PanARMENIAN.Net - Վրաստանի հարավում` Ադիգենի շրջկենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել մահմեդական և քրիստոնյա վրացիների միջև: Մի քանի մարդ է տուժել: Ադիգենի են այցելել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության ներկայացուցիչները` տեղաբնակների հետ հանդիպումներ ունենալու նպատակով, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Մոտ 30 տարի առաջ Ադիգենիում Աջարիայից մի քանի տասնյակ ընտանիքներ վերաբնակեցվեցին, որոնց տները փլուզվել էին սողանքի պատճառով: Իսլամ դավանող վերաբնակները հիմնավորվեցին Ադիգենիում: Խնդիրներ առաջացան վերջերս, երբ տեղացի մահմեդականներին թույլատրվեց առանձին գերեզմանոց բացել: Մինչ այդ ուղղափառներին և մահմեդականներին նույն գերեզմանոցում էին հուղարկավորում:

Այդ որոշումը բողոքներ առաջացրեց ուղղափառների շրջանում: Նրանք հայտարարել են լրագրողներին, որ գերեզմանոցից հետո մահմեդականները մտադիր են մզկիթի կառուցում պահանջել, իսկ հետո կարող են արտաքսել ուղղափառներին Ադիգենիից, քանի որ վերջին տարիներին շրջկենտրոնում ուղղափառ ընտանիքում ծնված մեկ երեխային բաժին է ընկնում մահմեդական ընտանիքում ծնված 3 երեխա:

Ավելի ուշ կողմերը պայմանավորվեցին, որ գերեզմանատան տարածքը կբաժանվի ցանկապատով, ինչպես նաև առանձին մուտք կհատկացվի մահմեդականների համար:

Վրաստանում մահմեդականները կազմում էին ընդհանուր բնակչության մոտ 10 %-ը: Վրաստանում բավականին հաճախ են տարաձայնություններ լինում կրոնական հողի վրա: Պատճառը սողացող իսլամականացման վտանգն է: 2014-ի սեպտեմբերին վրացական Քոբուլեթիի բնակիչները, բողոքելով մեդրեսեի բացման դեմ, խոզ էին մորթել և գլուխը կախել ապագա հաստատության դռնից: Թուրքական Ազիզիե մզկիթի կառուցման նախագիծը բազմահազարանոց ցույցերի պատճառ դարձավ Բաթումում: 2012-ին Լանչխուտիի շրջանի Նիգվզիանի գյուղի բնակիչները պահանջեցին փակել մզկիթը՝ դժգոհելով մեսխեթցի թուրքերի վերաբնակեցումից: 2013-ին տեղաբնակների պահանջով և մաքսային փաստաթղթերի սխալ ձևակերպման պատրվակով քանդվեց Թուրքիայից բերված մզկիթի աշտարակը գյուղերից մեկում: Նոր մզկիթների կառուցման դեմ բողոքի ցույցեր են անցել վրացական բազում այլ քաղաքներում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---