Գործադիրը հավանություն է տվել ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագծին

PanARMENIAN.Net - Մարտի 3-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ ընտրական օրենսգրքին» և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

Ինչպես նշել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Ընտրական նոր օրենսգրքի հենքը Սահմանադրական փոփոխություններն են. «Փետրվարի 10-ին ՀՀ նախագահն իր կարգադրությամբ սահմանեց այն ժամկետները, որոնց ընթացքում պետք է մշակվեն այն օրենքների նախագծերը, որոնք բխում են Սահմանադրությունից:

Այս փաթեթի համար ժամկետ էր սահմանվել մարտի 1-ը, ինչը նշանակում էր, որ մենք ունեինք ընդամենը 13 աշխատանքային օր՝ մշակելու այս փաթեթը: Մենք մշակել ենք այն, ճիշտ է, քանի որ մարտի 1-ին կառավարության նիստ չի եղել և նպատակահարմար չէր գումարել արտահերթ նիստ, այն ներկայացնում ենք այսօր»,-մասնավորապես, ասել է Հարությունյանը:

Նրա կարծօքով՝ որոշումը ճիշտ էր կայացված, որ այս նախագծի հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ՝ մի այնպիսի մարմին, որտեղ քաղաքական ողջ ներկապնակն է ներկայացված, այլ ոչ թե կառավարություն: Եվ այդ իսկ պատճառով է կառավարությանը սահմանվել այդքան սեղմ ժամկետ և արդեն, ինչպես նշեցի, քննարկումների հիմնական բեռը տեղափոխել Ազգային ժողով:

Հարությունյանը նշել է, որ հավանության արժանացված այս փաթեթը կազդարարի դրա հանրային քննարկումների սկիզբը, որոնք տեղի կունենան ԱԺ-ում, բնականաբար, կառավարության և այս նախագծերի փաթեթը մշակած աշխատանքային խմբի ակտիվ ներգրավմամբ: Նա նշել է, որ ներկայացվող նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ներկայացված նախագծից: Հարությունյանի խոսքով՝ մարտի կեսերին սպասվում է փորձագետների առաջին այցը և, բնականաբար, նրանց կներկայացնենք, թե ինչ փոփոխություններ ենք կատարել նախագիծն իրենց ուղարկելուց հետո:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է նաև ՀՀ Սահմանադրության 210-րդ հոդվածի պահանջներից, համաձայն որոնց` Ընտրական օրենսգիրքը պետք է համապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը և ուժի մեջ մտնի 2016թ. հունիսի 1-ից:

ՀՀ ընտրական նոր օրենսգրքի նախագծի հիմնական նպատակն է լուծում տալ այն հարցերին, որոնք ծագելու են համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և ամփոփման փուլերում:

Միևնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել համապետական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի վերջնական զեկույցներում ներկայացված առաջարկությունները, հանձնարարականները, ինչպես նաև համապետական ընտրությունների արդյունքներով ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները` ուղղված Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ինչպես նաև համապետական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ հաղորդագրությամբ ներկայացված առաջարկությունները:

Ներկայացված նախագծում իրացվել են նաև ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած տեղական հասարակական կազմակերպությունների մի շարք առաջարկություններ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով սահմանված ժամկետներին համապատասխան՝ ընտրական օրենսգրքի նախագիծը ԱԺ պետք է ներկայացվեր մարտի 1-ին, սակայն դա չի արվել:

Կարդացեք նաև՝ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը. ԱԺ-ն ու ՏԻՄ-ը պետք է ընտրվեն ուղղակիորեն

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---