Մարիխուանայի օգտագործման համար պատժի չեղարկումը Վրաստանում ձախողվել է

Մարիխուանայի օգտագործման համար պատժի չեղարկումը Վրաստանում ձախողվել է

PanARMENIAN.Net - Վրաստանում ձախողվեց օրինագիծը, որով նախատեսվում էր չեղարկել փոքր ծավալներով մարիխուանա և կանեփ պահելու, ձեռք բերելու, սպառելու, պատրաստելու համար սահմանված ազատազրկումն ու նվազեցնել թմրանյութը պահելու համար տուգանքները: Օրինագծի ընդունման համար պակասեց 3 ձայն: Օրինագծի օգտին քվեարկել է 47 պատգամավոր, դեմ` 21-ը:

Քրեական և վարչական օրենսգրքում ուղղումների նախաձեռնողը պատգամավոր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմակից և «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնի հիմնադիրներից մեկն է`Գոգա Խաչիձեն: Այժմ փոքր ծավալով մարիխուանա պահելու և օգտագործելու համար սահմանված է 500 լարի (մոտ 200 դոլար) վարչական տուգանք, իսկ երկրորդ միջադեպի դեպքում` սահմանված է քրեական պատասխանատվություն, որով նախատեսվում է տուգանք կամ մինչև 1 տարի ազատազրկում:

Պատգամավորն առաջարկել էր տուգանքը 500 լարիից նվազեցնել մինչև 100 լարի առաջին խախտման դեպքում` մինչև 5 գ մարիխուանա կամ կանեփ օգտագործելու կամ պահելու համար, ինչպես նաև տուգանքի նվազեցում մինչև 300 լարի` երկրորդ անգամ կրկնվելու դեպքում:

«Մենք ուղղակի պահանջում ենք, որ մարդկանց բանտ չնետեն մինչև 5 գ մարիխուանա օգտագործելու համար»,-ասում է Խաչիձեն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Խաչիձեն նշել է, որ դիմելու է Սահմանադրական դատարան: Մարիխուանայի օգտագործման ապաքրեականացման հարցը պարբերաբար թեժ վեճերի առարկա է դառնում Վրաստանում: Ամեն տարի հունիսի 2-ին ակցիաներ են կազմակերպվում ` քրեական պատիժը չեղարկելու պահանջով, դա արդեն ավանդույթ է դարձել:

Հայաստանում գործող օրենսդրությամբ, թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը մանր չափերով չի հանգեցնում քրեական պատասխանատվության: Սակայն 0,5 գրամ մարիխուանան համարվում է զգալի, 5-500 գրամը՝ խոշոր, 500 գրամից ավելի մարիխուանան՝ առանձնակի խոշոր չափաբաժին: Առանց իրացնելու նպատակի թմրամիջոցներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---