Ադրբեջանը կսառեցնի նավթի արդյունահանումը 2015-ի մակարդակի վրա

Ադրբեջանը կսառեցնի նավթի արդյունահանումը 2015-ի մակարդակի վրա

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Պետական նավթային ընկերությունը կասեցրել է նավթի արդյունահանման նախագծերն ու պատրաստ է թողնել «սև ոսկու» արդյունահանումը 2015-ի մակարդակի վրա, հայտարարել է ընկերության ղեկավար Ռովնագ Աբդուլլաևը:

«Միանգամից ասեմ, որ մենք միանում ենք այդ դիրքորոշմանը: Մենք մտադիր ենք սառեցնել նավթի արդյունահանումը 2016-ին և թողնել այն նույն մակարդակում: Մենք արդեն կասեցրել ենք որոշ նախագծեր: Նավթի արդյունահանումն Ադրբեջանում չի գերազանցի նախորդ տարվա ծավալները»,-ասել է Աբդուլլաևը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2015-ին կազմել է 41,6 մլն տոննա` 2014-ի համեմատ կրճատվելով 1,1 տոկոսով: Նավթի արտահանումն Ադրբեջանից 2015-ին կազմել է 38,1 մլն տոննա: 2013-ից նավթի գներն անկում են ապրել ավելի քան 2 անգամ, ինչը լուրջ ճգնաժամի պատճառ է դարձել մի շարք նավթ արդյունահանող երկրներում, այդ թվում ՌԴ-ում և Ադրբեջանում: Ռուբլին ու մանաթը նավթի ցածր գների պայմաններում արժեզրկվել են ավելի քան 100 տոկոսով:

Նավթ արդյունահանող երկրները փորձում են պայմանավորվել նավթի արդյունահանման սառեցման մասին` համապատասխանելու համար միջազգային գներին: Որոշմանը կողմ են ՌԴ-ն, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Վենեսուելան, Նիգերիան, Քուվեյթը: Իրանն ու Իրաքը հրաժարվում են միանալ որոշմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---