Իրանը Եվրոպայի հետ երկաթուղային կապը Թուրքիայի տարածքով է պատկերացնում

Իրանը Եվրոպայի հետ երկաթուղային կապը Թուրքիայի տարածքով է պատկերացնում

PanARMENIAN.Net - Իրանը պատրաստ է համագործակցել Բուլղարիայի հետ` նպատակ ունենալով միացնել իր երկաթուղին Բուլղարիայի հետ Թուրքիայի տարածքով, ինչպես նաև հուսով է, որ կգործարկվի Իրան-Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան տրանպորտային միջանցքը: Այդ մասին Թեհրանում հայտարարել է Իրանի տրանսպորտի և քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին իրանա-բուլղարական տնտեսական հանձնաժողովի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ախունդին դիմել է բուլղարական կողմին` խնդրելով ավելացնել իրանական բեռնատարների մուտքը տարեկան 2000-ից մինչև 5000:

Ախունդին նշել է նաև, որ Բուլղարիան Իրանի համար դարպաս է դեպի Եվրոպա, իսկ Իրանն իր հերթին դարպաս է Բուլղարիայի համար դեպի Պարսից ծոց և Կենտրոնական Ասիա: Այդ գործոնի հետ մենք մեծ հույսեր ենք կապում»,-մեջբերել է Financial Tribune-ը Իրանի նախարարի խոսքերը:

Իրանն ու Բուլղարիան պայմանավորվել են նաև խթանել երկկողմ զբոսաշրջությունն ու ուղիղ ավիահաղորդակցություն հաստատել առաջիկայում:

Իրանի ու Հայաստանի ցամաքային կապը կոչված է ամրապնդել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի կառուցումը: Միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կկապվեն միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:Ծրագիրը նաև կհեշտացնի Իրանի ելքը դեպի սևծովյան նավահանգիստներ:

Դեռևս 2013-ի դեկտեմբերին Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին, պատասխանելով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հստակ ժամանակացույցի մասին հարցին, նշեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Իրանը իրազեկել է Հայաստանի իշխանություններին, որ պատրաստ է կառուցել ճանապարհի Ջուղա-Մեղրի իրանական հատվածը սեփական միջոցներով, երբ Հայաստանը միջոցներ գտնի իր հատվածը կառուցելու համար: «Եթե ներդնողներ լինեն և հնարավոր լինի կառուցել ճանապարհի հայաստանյան հատվածը, հետագայում Վրաստանի ու Ռուսաստանի հետ կապելու հեռանկարով, մենք պատրաստ ենք մեր բյուջեի միջոցներով կառուցել մեր հատվածը: Մենք նաև պատրաստ ենք մեր փորձը կիսել, քանի որ Իրանը ինժեներատեխնիկական մեծ հնարավորություններ ունի ու երկաթուղիների կառուցման մեծ փորձ»,-ասել էր դեսպանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---