Նալբանդյանը Ղարաբաղի, թուրքերի «խոստումների», իրանական հեռանկարների և ՌԴ հետ գործակցության մասին

Նալբանդյանը Ղարաբաղի, թուրքերի «խոստումների», իրանական հեռանկարների և ՌԴ հետ գործակցության մասին

PanARMENIAN.Net - ԵՄ-ն բազմիցս է իր աջակցությունը հայտնել Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ջանքերին և նշել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Այդ մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն` անդրադառնալով եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի այն հայտարարությանը, որ ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը պետք է բացառվի և հարկավոր է սատարել կարգավորման մադրիդյան սկզբունքներին ու Մինսկի խմբի գործունեությանը: Նախարարը նաև գնահատել է Մինսկի խմբի գործունեության հեռանկարները:

«Ֆեդերիկա Մոգերինին միայն հաստատեց այդ դիրքորոշումը: Մենք միշտ բարձր ենք գնահատել Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Ցավոք, հակամարտության կողմերից մեկն այլ կարծիք ունի։ Ոչ միջնորդները, ոչ էլ Հայաստանը մեղավոր չեն, որ մինչ օրս լուծում չի գտնվել: Մենք բազմից ենք հայտարարել, որ պատրաստ են գնալ կարգավորման համանախագահների ներկայացրած առաջարկների հիման վրա: Իսկ Ադրբեջանը քննադատում է այդ առաջարկները, համանախագահներին: Հասել է նրան, որ Բաքուն սկսել է մեղադրել նրանց իսլամատյացության մեջ, հայտարարելով, թե անիմաստ է նրանց հետ հանդիպելը, քանի որ վերջիններս ճնշում չեն գործադրում Հայաստանի վրա: Հավանաբար, Ադրբեջանում այնքան էլ լավ չեն հասկանում միջնորդության դերը: Միջնորդների ջանքերն առաջին հերթին պետք է ուղղված լինեն երկխոսություն ծավալելուն, հանդիպումներ կազմակերպելուն, կողմերի դիրքորոշումները մերձեցնելուն, ոչ թե այս կամ այն կողմի հանդեպ ճնշում գործադրելուն»,-հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի խոսքով, ղարաբաղյան հիմնախնդիրն այն եզակի դեպքերից է, երբ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան միասնական մոտեցում են ձևավորել կարգավորման վերաբերյալ: Նրանք կոնկրետ առաջարկներ են ներկայացրել, որոնց հիման վրա կարելի է հասնել հակամարտության կարգավորման: Այդ առաջարկներն արտացոլված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ այդ երկրների նախագահների 5 հայտնի հայտարարություններում: Հայաստանը ողջունել է դրանք՝ նշելով, որ դրանց հիման վրա պատրաստ է շարունակել հակամարտության կարգավորման ուղիների որոնումների շուրջ բանակցությունները: Ադրբեջանը սակայն մինչ օրս ձևացնում է, թե նման հայտարարություններ ընդհանրապես չեն արվել: «Բանակացություններին այլընտրանք չկա, և մենք համանախագահների հետ համատեղ շարունակելու ենք ջանքերն, ուղղված խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ասել է նախարարը:

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ վերջերս արված հայտարարությանն այն մասին, որ «ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարում իրականացվում է, հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանումը»` ԱԳ նախարարն ասել է. «Մենք ստիպված ենք ջանքեր գործադրել հավասարակշռությունը տարածաշրջանում պահպանելու և իրավիճակի նոր սրում, թույլ չտալու համար: Վերջին տարիներին Ադրբեջանը բազմապատկել է իր ռազմական ծախսերը: Մենք դաշնակցային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, շատ սերտ ռազմական, այդ թվում ռազմատեխնիկական համագործակցություն: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մենք առաջին հերթին զենքը գնում ենք մեր ռազմավարական դաշնակցից և հետագայում ևս սերտորեն համագործակցելու ենք Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում: Բնական է, որ Ռուսաստանը, որպեսզի զենքի խոշոր արտադրող, վաճառում է այն տարբեր երկրների: Սակայն մենք հիացած չենք այն հանգամանքից, որ Ադրբեջանն է զենք գնում և գրեթե ամեն օր սպառնում է նոր պատերազմ սկսել: Մեզ չի կարող դուր գալ, որ սպառազինությունը նա գնում է մեր դաշնակցից, որը շատ ջանքեր է գորածդրում համագործակցելու համար Հայաստանի հետ, այդ թվում ՀԱՊԿ շրջանակում»:

Պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք լայնածավալ պատերազմ, եթե առաջիկայում կարգավորման լծակները գործի չդրվեն` Նալբանդյանն ասել է, որ Հայաստանում կիսում են այն տեսակետը, որ պատերազմը կարգավորման ճանապարհ չէ: ՄԽ համանախագահները, թեև ձգտում են հանդես գալ չեզոք դիրքերից, նախորդ տարի ստիպված էին մի քանի հասցեական հայտարարություններ անել` դատապարտելով ծանր զինտեխնիկայի և հրետանու կիրառումը, կոչ անելով պահպանել հրադադարի ռեժիմը, ինչպես նաև համաձայնել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում, Հայաստանի հետ սահմանին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծելու առաջարկին: Նրանք կոչ արեցին դադարեցնել եռանախագահների քննադատությունը և վերահաստատել հակամարտության խաղաղ կարգավորմանը հանձնառությունը:

Ըստ նախարարի, այդ մեխանիզմը կարող էր հետագա սրացումը կանխելու գործիք դառնալ: Համանախագահները նաև հորդորել են դադարել իրենց քննադատել և հաստատել, որ հավատարիմ են խաղաղ կարգավորման ծրագրին: Հասկանալի է, որ բոլոր այս հորդորները հասցեագրված են Ադրբեջանին, քանի որ Հայաստանը երբեք չի քննադատել Մինսկի խմբին: Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին, շարունակում է կիրառել ծանր հրետանի, գնդակոծել քաղաքացիական օբյեկտները: Բաքուն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումից, հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Հրաժարվում է պահպանել անժամկետ հրադադարի հաստատման մասին 1994թ. մայիսի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995թ. փետրվարի եռակողմ համաձայնությունները:

«Ադրբեջանը փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը, փորձում է հակամարտության շուրջ քննարկումները տեղափոխել այլ ձևաչափ: Սակայն Բաքվից հնչող հայտարարություններն այն մասին, որ պետք է դադարեցնել բանակցություններն ու հրաժարվել միջնորդների հետ հանդիպումներից, ոչ այլ ինչ են, քան շանտաժի հերթական փորձ: Համանախագահները բազմիցս են հայտարարել, որ նման փորձերը վնասակար են: Այն, որ Ադրբեջանը հանդես է գալիս համանախագահների հասցեին քննադատություններով, նշանակում է, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրությանը, առնվազն ԵԱՀԿ-ին, քանի որ ԵԱՀԿ բոլոր անդամ-երկրներն են համանախագահներին միջնորդության մանդատ հանձնել: Համանախագահները բացահայտ ասում են, որ Բաքվի կողմից իրենց ջանքերի քննադատությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ կարգավորման հասնելու քաղաքական կամքի բացակայություն: Մեզ համար ակնհյատ է, որ բանակցություններին այլընտրանք չկա»,-ասել է նախարարը:

Խոսելով այն մասին, թե ինչպես է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների բարդացումն անդրադառնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա և անդրադառնալով թուրքական կողմի խոստումներին «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրմանը աջակցելու վերաբերյալ»` Նալբանդյանն ասել է. «Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ թուրքական ղեկավարությունը կորցնում է իրականության զգացումը, այն էլ ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության մեջ: Վարչապետը Ահմեդ Դավութօղլուն հայտարարում է, որ այսօր քրդերը համագործակցում են Ռուսաստանի հետ ճիշտ այնպես, ինչպես 20-րդ դարի սկզբում համագործակցում էին «հայկական ավազակախմբերը»։

Նման հայտարարությունը շատ լուրջ ահազանգ է միջազգային հանրության համար` թե ինչ կարող է լինել քրդերի հետ: XX -րդ դարի սկզբում Թալեաթ փաշայի՝ Հայոց ցեղասպանության պարագլուխներից մեկը ճիշտ նույն կերպ մեղադրում էր Ռուսաստանին «հայերին զինելու ու հրահրելու մեջ»: Ակնհայտ է, որ 100 տարվա ընթացքում Թուրքիայի իշխանական վերնախավում շատ բան չի փոխվել։ Եթե Թուրքիան իսկապես ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորվի, ավելի լավ է որքան հնարավոր է հեռու մնա այդ գործընթացից:

Նալբանդյանը նաև անդրադարձել է այն հարցին, թե արդյոք Երևանը զգում է ԵՄ աջակցության կարիքը Սիրիայից փախստականների ընդունման հարցում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը բնակչության թվի հարաբերակցությամբ դարձավ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը: Նա նշել է. «Մենք չէինք կարող անտարբեր մնալ Սիրիայի իրադարձությունների հանդեպ, նաև այն բարդությունների, որոնց բախվում էին այնտեղ ապրող մեր հայրենակիցները: Սիրիայում, ինչպես ընդհանրապես Մերձավոր Արևելքում, ավանդաբար մեծ հայկական համայնքներ կան: Մենք, օգնության ձեռք ենք մեկնել և արդեն ընդունել մոտ 20 հազար փախստականի, ինչը Հայաստանի պես փոքր պետության համար չափազանց մեծ թիվ է: Այդ մարդկանց համար անհրաժեշտ է ստեղծել ինտեգրման համապատասխան պայմաններ: Հայաստանն աջակցության կարիք ունի մարդկանց օգնելու համար, քանի որ շատերը ստիպված են զրոյից սկսել իրենց կյանքը: Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել քննելու հատուկ հիմնադրամից Հայաստանին միջոցների տրամադրման հնարավորությունը: Իհարկե, մենք շնորհակալ կլինենք, եթե համապատասխան կառույցներն օգնեն փախստականներին, որոնց ընդունել է Հայաստանը:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ երկրի հետ ՀՀ հարաբերությունների հեռանկարներին, քանի որ, ինչպես ասվում է հարցում, Թուրքիայի դիրքորոշման պատճառով Հայաստանը դուրս է մնացել տարածաշրջանային ձևաչափերից, նախարարն ասել է. «Չէի ասի, որ Հայաստանը գտնվում է տարածաշրջանային համագործակցության շրջանակներից դուրս: ՀՀ-ն մոտ 90 միջազգային կազմակերպության անդամ է և ակտիվ ներգրավված է տարբեր միջազգային և տարածաշրջանային ձևաչափերում:

Անշուշտ մենք ուրախ ենք, որ Իրանի դեմ պատժամիջոցների մեծ մասը հանվել է, իսկ հեռանկարում ակնկալվում է նաև մնացած պատժամիջոցների վերացում:

Իրանի հետ մենք ունենք բարիդրացիական հարաբերություններ, խոշոր համատեղ նախագծեր, որոնցից շատերը դժվար էր իրականացնել գործող պատժամիջոցների պատճառով: Այժմ հնարավորություններ են ստեղծվել այդ նախագծերի լիարժեք իրականացման, ինչպես նաև տնտեսական համագործակցության նոր հնարավորությունների քննարկումների համար: Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ:

Իրանը մեզ համար «բարի դրացի» է և դրանք զուտ խոսքեր չեն: Մեր բարեկամությունը բխում է դարերի խորքից: Իրանում մեծ հայ համայնք կա, որը հարգանք է վայելում և բարի վերաբերմունք: Իրանի իշխանությունները վերականգնում են հայկական եկեղեցիները, որոնք ընդգրկվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Չի կարելի սա չտեսնել և չգնահատել: Անշուշտ, մեր կողմից նույնպիսի վերաբերմունք է դրսևորվում Իրանի, Իրանի ժողովրդի նկատմամբ: Մենք ունենք ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման մեծ ներուժ»:

Անդրադառնալով Մոգերինիի հետ բանակցությունների ավարտին արված հայտարարությանը «համագործակցության զարգացման ուղղությամբ համատեղ քայլերի մասին», այդ թվում մարդու իրավունքների ոլորտում, և խոսելով այն մասրհն, թե արդյոք դա մտավախության առիթ չէ ՌԴ ղեկավարության համար` Նալբանդյանն ասել է. «Չեմ կարծում, թե ՌԴ ղեկավարությունը Հայաստանի հարցում երբևէ անհանգստանալու առիթ է ունեցել, ունի կամ կարող է ունենալ: Մեր երկրները դաշնակցային ռազմավարական հարաբերություններ ունեն և լրացուցիչ մեկնաբանություններն ավելորդ են: Ի տարբերություն որոշ այլ երկրների, մենք դաշնակցային ենք համարում մեր հարաբերությունները միայն Ռուսաստանի հետ: Դա շատ խորը իմաստ ունի: ՌԴ հետ մեր գործակցությունը շատ ընդգրկուն է ու բազմաբովանդակ:

Հաշվի առնելով մեր դաշնակցային պարտավորությունները, այդ թվում՝ համատեղ ինտեգրացիոն ձևաչափերի շրջանակներում, մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները նաև այլ ուղղություններով՝ այլ կազմակերպությունների և կառույցների հետ: Մենք այդ մասին շատ հստակ և միանշանակ ենք հայտարարել: Ես այդ մասին ասել եմ նաև Ֆեդերիկա Մոգերինիի հետ բանակցությունների ավարտին լրատվամիջոցների հետ Երևանում կայացած հանդիպմանը»:

Պատասխանելով այն հարցին, թե համապատասխանում է արդյոք իրականությանն այն պնդումը, որ Երևանը եվրասիական ինտեգրումը դիտարկում է բացառապես Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից` ԱԳ նախարարն ասել է, որ այդպես չէր ձևակերպի հարցը: Ըստ նրա, անշուշտ, ՀՀ և ՌԴ հարաբերություններն առանձնահատուկ են, սակայն ԵՏՄ-ին անդամակցելու որոշումը կայացվել է, հաշվի առնելով միության շահավետ կողմերը: «Մենք ընտրեցինք Եվրասիական միությունը ոչ թե որպես հակակշիռ այլ միության: Հայաստանը միշտ ասել է, որ ցանկանում է լինել Եվրասիական միությունում, և, երբ մեզ առաջարկեցին միանալ դրան, մենք համաձայնեցինք: Մենք հենվում ենք այն հանգամանքի վրա, որ Եվրասիական միության հիմքում ընկած 4 ՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի, ազատությունը, լրացուցիչ խթան կհանդիսանան Հայաստանի տնտեսության զարգացման համար: Դա առավել պարզեցված, ազատ մուտքի հնարավորություն է տալիս դեպի Եվրասիական միության պաշտպանված ապրանքների և ծառայությունների միասնական շուկա, ներդրումների ներգրավում, արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիայի ստեղծում: Միությունը նոր է ստեղծվել, արդյունքների մասին դեռևս դժվար է խոսել: Այնուամենայնիվ, այս ինտեգրացիոն գործընթացի դրական կողմը, չնայած բոլոր գլոբալ տնտեսական բարդություններին, ակնհայտ է»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---