Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը Եվրոպային 4 մլն բարել նավթ է վաճառել

Պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը Եվրոպային 4 մլն բարել նավթ է վաճառել

PanARMENIAN.Net - Հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը Եվրոպային 4 մլն բարել նավթ է վաճառել, հայտնում է Reuters-ն Իրանի պաշտոնական աղբյուրների և ծովային բեռնափոխադրումների տվյալների վրա հղումով: Ըստ գործակալության, գնորդների թվում են ֆրանսիական Total-ը, իսպանական Cepsa-ն և ռուսական Litasco-ն, որը «Լուքօյլի» թրեյդինգային ստորաբաժանումն է:

Իրանական նավթով առաջին տանկերը Եվրոպա է ժամանել մարտի 6-ին: Այն բեռնաթափվելու է իսպանական Ալխեսիրաս նավահանգստում: Ըստ Bloomberg-ի, այս տարի տեղի նավթավերամշակման գործարանը մինչև ամսվա վերջ նավթի ևս 8 առաքում ունի Իրանից, հայտնում է ՌԲԿ-ն:

Տարեսկզբից դեպի Եվրոպա նավթի առաքման ծավալները 5 օրվա ընթացքում համարժեք են եղել մինչպատժամիջոցային մակարդակին, երբ ամեն օր գնվում էր մինչև 800 բարել նավթ, հիշեցրել է Reuters-ը: Ըստ գործակալության, նախկին խոշոր հաճախորդների մի մասը` Shell, Eni, Hellenic Petroleum, Vitol, Glencore և Trafigura, դեռ չի վերսկսել գնումները:

Համեմատության համար` ասիական շուկայում իրանական նավթի գնումները փետրվարին աճել են օրական 100-200 հազար բարելով: Որպես հիմնական խոչընդոտ եվրոպական ուղղությամբ ակտիվանալու համար գործակալությունը նշել է դոլարով արժութային գործողությունների սահմանափակ քանակը, ոչ դոլարային վաճառքների հստակ մեխանիզմի բացակայությունը:

Մարտի 7-ին Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան հայտարարել է, որ առաջիկայում երկիրը կհասցնի նավթի վաճառքը մինչև օրական 2 մլն բարելի: Ըստ շվեյցարական Petro-Logistics-ի, ընթացիկ տարվա փետրվարին Իրանն արտահանել է օրական մոտ 1,4 մլն բարել նավթ, ինչն արդեն 350 հազարով ավելի է 2015-ի օրական մակարդակից:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանը հրաժարվել է սառեցնել նավթի արդյունահանումը: Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանական չեն համարում նավթի արդյունահանման մակարդակի սահմանափակումը, որի վերաբերյալ փետրվարի 16-ին համաձայնության են եկել Դոհայում ՌԴ և ՕՊԵԿ 3 երկրի ներկայացուցիչները: Ըստ պաշտոնյաների, որոնք պատասխանատու են ՕՊԵԿ-ի հետ Իրանի փոխգործակցության համար, երկրներից շատերը ավելացրել են նավթի արդյունահանման մակարդակն այն ժամանակ, երբ Թեհրանը Արևմուտքի պատժամիջոցների տակ էր: Այժմ, երբ այդ պատժամիջոցները չեղարկվել են, արդեն Իրանն է մտադիր ավելացնել արդյունահանման մակարդակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---