$150.000՝ ՏՏ համաշխարհային համաժողովին ՀՀ մասնակցությանը

$150.000՝ ՏՏ համաշխարհային համաժողովին ՀՀ մասնակցությանը

PanARMENIAN.Net - Գործադիրի մարտի 10-ի որոշմամբ գումար կհատկացվի էկոնոմիկայի նախարարությանը՝ 2019-ի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը (WCIT) Հայաստանում կազմակերպելու համար՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով:

Որոշման համաձայն՝ Համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2016-ի առաջին եռամսյակում հատկացվելու է $150.000-ին համարժեք դրամ:

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՏ ոլորտի միջազգային խոշոր միջոցառում է, որն իր շուրջն է համախմբում ոլորտի տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներին, հասարակական կառույցների ներկայացուցիչներին:

Որոշման նախագծում նշված է, որ Համաժողովի անցկացումը կնպաստի միջազգային կառույցների և առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության խթանմանը, հայկական ՏՏ ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ներկայացմանը, ոլորտի տեղական ընկերությունների ՏՏ արտադրանքի, լուծումների և ծառայությունների արտահանման շուկաների ընդլայնմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը:

Ըստ հիմնավորման՝ նախատեսվում է, որ WCIT 2019 համաժողովին կմասնակցի 2000-2500 պատվիրակ աշխարհի ավելի քան 80 երկրից: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է համաժողովի անցկացումը Հայաստանում և նշել, որ այն կնպաստի ՏՏ ոլորտում ներդրումների ներգրավմանը:

ՀՀ կառավարություն 2015-ի հոկտեմբերի 15-ի նիստում հավանություն է տվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 49 մլն դրամ հատկացնելու մասին որոշման նախագծին, ինչը նախատեսված է 2019-ին տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու համար:

WCIT-ը անցկացվում է 1978-ից սկսած՝ երկու տարին մեկ անգամ: Համաժողովին մասնակցում են ՏՏ ոլորտի պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնյաներ, վերազգային կազմակերպությունների, համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների ղեկավարներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 2000-ից մինչ օրս WCIT-ն անցկացվել է Թայվանում, Ավստրալիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Նիդերլանդներում, Կանադայում և Մեքսիկայում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---