Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը՝ ՀՀ-ում բազմաթիվ թույլ երկրաշարժերի մասին. «Անհանգստանալու հիմք չկա»

Սեյսմիկ պաշտպանության ծառայության պետը՝ ՀՀ-ում բազմաթիվ թույլ երկրաշարժերի մասին. «Անհանգստանալու հիմք չկա»

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում վերջին օրերին Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են տասնյակ երկրաշարժեր՝ ցածր ուժգնությամբ:

Մարտի 4-ին՝ տեղական ժամանակով ժամը 11.03-ից մինչև ժամը 13.24-ը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 0,5-ից 1,4 մագնիտուդ ուժգնությամբ 17 երկրաշարժ է գրանցվել հյուսիսային լայնության 40.30օ և արևելյան երկայնության 44.95օ աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Գավառ քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ:

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 1-2 բալ:

Հասարակության շրջանում մտավախություն կա, որ թույլ ցնցումներին կարող են հաջորդել ավելի ուժեղները, գրում է Panorama.am-ը:

«Անհանգստանալու որևէ հիմք չեմ տեսնում: Թույլերից հետո կարող են լինել տեսականորեն նաև ավելի ուժեղ ցնցումներ, կարող է լինել պարզապես թույլ սեյսմիկություն, բնական, ֆոնային սեյսմիկություն, որը սովորական, նորմալ, երևույթ է»,- ասել է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը:

Նա նշել է, որ Գավառից ոչ հեռու տեղի են ունեցել բազմաթիվ թույլ ցնցումներ, բնակչությունը չի էլ զգացել, սակայն հետաքրքրություն է ներկայացնում սեյսմիկ ծառայության մասնագետներին առօրյա աշխատանքի համար: Մարտի 5-ից հետո Գավառի տարածքում որևէ ցնցում չի գրանցվել, թույլ սեյսմիկությունը հանդարտվել է:

Մարտի 9-ին հայ-վրացական սահմանի մոտ տեղի ունեցած թույլ ցնցումները, ըստ նրա, որևէ կապ չունեն Գավառի տարածքում գրանցված ցնցումների հետ, տարբեր տարածքներ են, տարբեր օջախներ:

«Մտավախության որևէ հիմք չկա»,- կրկնել է Պետրոսյանը:

Ըստ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի, աշխարհում հազարավոր երկրաշարժեր են տեղի ունենում՝ ամենատարբեր ուժգնությամբ, Հայաստանի տարածքը նույնպես սեյսմավտանգ տարածք է, ու Հայաստանն էլ բացառության չի կազմում:

Մարտի 9-ին, տեղական ժամանակով ժամը 16.13-ին (Գրինվիչի ժամանակով` 12.13-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.120 և արևելյան երկայնության 44.390 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան), օջախի 10 կմ խորությամբ և 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժը զգացվել է քաղաք Ստեփանավանում և մոտակա բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:

Հայաստանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, որտեղ առկա են բարձր սեյսմիկ ռիսկի մի քանի տարածքներ:

1999-ին Կառավարությունն ընդունվել է 2 որոշում` ուղղված ՀՀ տարածքի և Երևանի սեյսմիկ ռիսկի նվազեցման պետական համալիր ծրագրերի կատարմանը: Կատարվել է շենքերի և շինությունների դասակարգում ըստ վնասվածության աստիճանի, ապմոնտաժվել են վթարային շենքերն ու շինությունները, իսկ չափավոր և զգալի վնասվածքներ ունեցողները` վերականգնվել և ուժեղացվել են: Միաժամանակ Երևանն ու ՀՀ մնացած մարզերը, որոնք նույնպես բարձր սեյսմիկ ռիսկի գոտիներում են, բավական անտեսվել են:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---