Time. Էրդողանը չի կարող ժխտել իր քաղաքականության բացահայտ ձախողումը

Time. Էրդողանը չի կարող ժխտել իր քաղաքականության բացահայտ ձախողումը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող ժխտել իր քաղաքականության բացահայտ ձախողումը: Միջազգային ասպարեզում նա կորցրել է բոլոր նրանց աջակցությունը, ում Թուրքիան նախկինում դաշնակից էր համարում, իսկ երկրի ներսում նրա մեթոդները դժգոհություն են առաջացնում նույնիսկ իր սեփական կուսակցության ներսում, գրում է Times-ը:

Իր ինքնավստահության և ագրեսիվ քաղաքականության պատճառով Էրդողանը կարողացել է զայրացնել ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին: Վաշինգտոնը դժգոհ է, որ Թուրքիան սեփական նպատակներն է հետապնդում սիրիական հակամարտությունում և գրոհում է քրդերին, ոչ թե ԻՊ ահաբեկիչներին: Իսկ եվրոպացիները կասկածում են, որ Անկարայի և ԵՄ միջև գործարքի շրջանակում Էրդողանը չափից շատ միջոցներ է «գրպանում», հատկապես, հաշվի առնելով այն փաստը, որ նրա ջանքերն, ուղղված դեպի Եվրոպա փախստականների հոսքի կասեցմանը, չնչին են:

Չեխիայի նախագահ Զեմանը կարծում է, որ Էրդողանը ձգտում է Եվրամիությունից որքան հնարավոր է շատ միջոցներ կորզել միգրացիոն ճգնաժամը կարգավորելու խոստումների դիմաց: «Էրդողանը, որին 3 մլրդ եվրո են առաջարկում, կպահանջի ոչ թե 6 մլրդ եվրո, այլ 9 մլրդ: Եվրամիության յուրաքանչյուր հաջորդ գագաթնաժողովի հետ այդ գումարը կավելանա»,-ասել է Չեխիայի նախագահը:

Սրվում են խնդիրները նաև երկրի ներսում: Ռուսական պատժամիջոցները հսկայակն հարված էին բանկային հատվածին, զբոսաշրջությանը, շինարարական բիզնեսին, երկրի տնտեսությունն աղետալի վիճակում է հայտնվել: Սակայն այս հարցում էրդողանն իր կարծիքն ունի և անհրաժեշտ է համարում կապերի սերտացումը Սաուդյան Արաբիայի հետ, որն Իրանի տարածաշրջանային մրցակիցն է, գրել է թերթը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Էրդողանը վստահ է, որ Թուրքիայի հաջողության գրավականը իշխանության կենտրոնացումն է իր ձեռքերում:

Սակայն, հավանաբար, գրում է թերթը, թուրքերի համբերության բաժակը լցվում է: Նույնիսկ էրդողանի կուսակցության անդամներն են գիտակցում Էրդողանի իշխանությունը սահմանափակելու անհրաժեշտությունը:

«Էրդողանին չի հաջողվի ստանալ այն, ինչ ուզում է: Որքան շատ է նա օգտագործում ճնշման գործիքները, նրա թշնամիների քանակն անշեղորեն աճում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում»,-եզրափակում է թերթը:

Ավելի վաղ The Independen-ը գրել էր, որ Էրդողանը փլուզման եզրին է հասցնում Թուրքիան` հավելելով, որ ներքին առճակատման և հարևանների հետ լարված հարաբերությունների հետևանքով պարտվողի դերում է հայտնվում թուրք ժողովուրդը: «Զրո խնդիրներ հարևանների» հետ հայեցակարգի արդյունքում Թուրքիան փչացրեց հարաբերություններն իր բոլոր հարևանների հետ:

The National Interest-ն ավելի վաղ գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի անհեռատես քաղաքականության հետևանքով Անկարայի խնդիրները հարևանների հետ հասան գագաթնակետին, ինչպես նաև ամրապնդվեցին ահաբեկիչների դիրքերը սահմաններին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---