Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրով մոտ 150 կոոպերատիվ է ստեղծվել

Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների   կառավարման   ծրագրով  մոտ  150 կոոպերատիվ է ստեղծվել

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 11-ին հրավիրել է խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը:

«Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», - նշել է նախարարը:

Այս համատեքստում Կարապետյանն առաջին հերթին կարևորել է մթերման գործընթացի ճիշտ կազմակերպումը և համապատասխան հաշվարկների իրականացնելուց հետո կաթի մթերման խելամիտ նվազագույն գնի սահմանումը, որը պետք է լինի շահավետ թե’ մթերող կազմակերպությունների և թե’ տնտեսվարող սուբյեկտների համար։

Միաժամանակ նախարարն ընդգծել է արտադրվող կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի տեսականու դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկայում: Անդրադառնալով մթերված կաթի դիմաց ֆերմերային տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման խնդրին` նախարարը հորդորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել մթերված ապրանքի դիմաց վճարումների իրականացումը:

Տեղեկացնելով, որ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրերի շրջանակում հանրապետությունում արդեն իսկ ձևավորվել է մոտ 150 կոոպերատիվ՝ նախարարը շեշտել է, որ պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում նախարարն առաջարկել է վերամշակող ընկերություններին մթերումներն իրականացնելիս ակտիվորեն գործակցել այդ կոոպերատիվների հետ` նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով:

Խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է 2016-ի կաթի մթերումների կազմակերպման նպատակով կազմված օրինակելի պայմանագրերի ձևը, որով կամրագրվեն կաթի մթերման գնի նվազագույն շեմը և վճարման ժամկետները: Պայմանագրի օրինակելի ձևն արդեն քննարկվել է մի շարք գերատեսչությունների հետ և առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով հնարավոր կլինի գտնել այդ հարցերի լուծման ուղիները:

«Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերըմշակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից:

Հինգ տարի տևողությամբ և 21.33 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով առաջին ծրագիրը մեկնարկել է 2011-ի հուլիսին:

Ծրագրի հիմնական նպատակներն են՝ աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներին, իրականացնել արոտօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, աջակցել համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը և կայացմանը, նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների բարելավմանը:

2015-ի դրությամբ նախատեսված 55 համայնքի փոխարեն ծրագրի իրականացման 4 տարվա ընթացքում ծրագրում ընդգրկվել է 91 համայնք, որոնցում ստեղծվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, 74 համայնքում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, 74 համայնքի կոոպերատիվներին տրամադրվել է 664 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 143 անիվավոր տրակտոր, 91 մամլիչ-բարդոցիչ 430 միավոր այլ գյուղգործիքներ և 91 համայնքի կոոպերատիվների անդամների համար կազմակերպվել են դասընթացներ: Բացի այդ, Արագածոտնի մարզի Արտաշավան, Սյունիքի մարզի Խնձորեսկ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում կառուցվել և արդեն իսկ գործում են անասնաբուժական սպասարկման կենտրոններ:

2015-ի փետրվարից գրասենյակի կողմից իրականացվող հնգամյա «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրին, որի ընդհանուր արժեքը 42.67 միլիոն ԱՄՆ դոլար է:

Երկրորդ ծրագրի հիմնական նպատակներն են շարունակել բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում, ինչպես նաև ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային՝ կաթի, մսի, մրգի/բարձրարժեք հատապտղի և բանջարեղենի արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ:

Երկրորդ ծրագրի շրջանակներում 2015-ին նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել նախատեսված 8 մարզի 25 համայնքի փոխարեն 55 համայնքում, իսկ ջրարբիացման և գյուղտեխնիկայի տրամադրման հիմնական աշխատանքները համայնքներում կմեկնարկեն 2016 թվականին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---