Մերկել. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շատ ժամանակ կպահանջեն

Մերկել. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շատ ժամանակ կպահանջեն

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները դեռ շատ ժամանակ կպահանջեն, լուծված չէ Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակի հարցը: Այսպիսի հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում:

«Թուրքիան ԵՄ անդամության թեկնածու երկիր է: Միացման գործընթացը ընթանում է անորոշ արդյունքով: Մենք հեռու ենք բանակցությունների հիմնական փուլերն ավարտին հասցնելուց: Օրինակ, լուծված չէ Կիպրոսի հարցը: Այս ամենը շատ ժամանակ կպահանջի»,-ասել է Մերկելը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կանցլերը, սակայն, արդարացի է համարում 6 մլրդ եվրո օգնության տրամադրումը Թուրքիային` փախստականների հետ աշխատելու համար:

Մարտի 7-ին կայացած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովում Անկարայի ներկայացուցիչները պահանջել են 2 անգամ ավելացնել ԵՄ օժանդակությունը` 3 մլրդ եվրոյից մինչև 6 մլրդ եվրո: ԵՄ և Անկարայի միջև պայմանավորվածության վերջնական տարբերակը պատրաստ կլինի ԵՄ հաջորդ գագաթնաժողովին, որը կայանալու է մարտի 17-ին:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել դեռ 1987-ին, իսկ 1999 թ. ստացել է թեկնածու երկրի կարգավիճակ, բանակցությունները սկսվել են 2005-ին: Սակայն 35 անհրաժեշտ պայմաններից Թուրքիան մինչ օրս բավարարել է միայն 14-ին, ընդ որում ամենամեծ առարկություններն առաջացնում է տարածքային վեճը Կիպրոսի հետ ու ժողովրդավարացման խնդիրները երկրի ներսում: 17 գլուխ դեռ փակ է մնում:

Բանակցությունները բազմիցս են բարդացել տարաձայնությունների պատճառով և կասեցվել: Գլխավոր խոչընդոտը Թուրքիայի դիրքորոշումն է Կիպրոսի հարցում: Կարևոր փուլ եղավ 2013-ի դեկտեմբերին ռեադմիսիայի մասին պայմանագրի կնքումը Թուրքիայի հետ: 2014-ի հոկտեմբերի 16-ին Եվրահանձնաժողովը հրապարակեց նոր ամենամյա զեկույցը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացի մասին՝ առաջարկելով վերսկսել բանակցություններն ու շտապեցնել Թուրքիային ժողովրդավարացման հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---